Սեպտեմբերի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։
Նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ամփոփել է Ժողովրդագրական իրավիճակի բարելավման նախորդ նիստի արդյունքները։ Փոխվարչապետի խոսքով՝ նախորդ նիստի քննարկման արդյունքներով կարող են ազդարարել, որ 2020 թվականից սկսած մեկնարկելու են ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր։
Ըստ այդ ծրագրերի․
1. Վեց անգամ բարձրացնելու են առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ։
2. Երկու անգամ բարձրացնելու են երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից այն հասցնելով մինչև 300 հազար դրամ։
3. Շուրջ 41 տոկոսով բարձրացնելու են աշխատող մայրերին տրվող ամսական նպաստը՝ 18 000 դրամից այն հասցնելով 25 հազար 500 դրամի։
4. Գյուղական բնակավայրերում երեխայի խնամքի նոր նպաստի տեսակ են մտցնելու. մինչև երեխայի երկու տարեկան լրանալը մայրերին ամսական վճարվելու է 25 500 դրամ:
5. Աշխատանք են տանելու «մանկապարտեզի հերթ» կոչված արատավոր երևույթը փուլային եղանակով վերացնելու ուղղությամբ։ Նախադպրոցական և դպրոցական հաստատություններում ունենալու են երկարօրյա խնամքի և ուսման ծառայությունների ընդլայնում, մասնավորապես՝ համավճարի տարբերակով կազմակերպելու ենք խնամք ժամը 08:30-ից մինչև 19:00-ն: Արդյունքում աշխատող ծնողը հնարավորություն պետք է ունենա իր բնակավայրին կամ աշխատատեղին մոտ նախադպրոցական և դպրոցական հաստատություններում իր երեխայի խնամքը կազմակերպել:
6. Երիտասարդ ու երեխա ունեցող ընտանիքների բնակարանային կարիքները բավարարելու ծրագրերն են մեկնարկելու, որոնց շրջանակներում երեխայի ծնունդով պայմանավորված հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար պետությունը տրամադրելու է և՛ միանվագ դրամական աջակցություն, և՛ կանխավճարի ապահովագրություն մարզային բնակավայրերում: Նախնական ծրագրի բյուջեն կկազմի մոտավորապես 500 մլն. դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







