«Ճարտարապետություն և շինարարություն. արդի խնդիրներ» խորագրով միջազգային 11-րդ գիտաժողովն այս տարի համախմբելու է ճարտարապետների ու շինարարների՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Իտալիայից, Չեխիայի, Իրանից ու Վրաստանից:
Նպատակն է՝ ներկայացնել գիտական հետազոտությունների արդյունքները և դրանց գործնական լուծումները քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտներում:
Այն կարող է նպաստել նաև տարբեր երկրների համալսարանների միջև միջազգային գիտական համագործակցության ընդլայնմանը: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանն իր ելույթի ընթացքում ընդգծեց, որ գիտաժողովն իր ուրույն տեղը, դիրքն ու կարևորությունն ունի ճարտարապետաշինարարական ոլորտի մասնագետների և հատկապես բուհերի կյանքում։
«Մեզ համար մեծ պատիվ է հերթական անգամ մեր երկրում և մեր համալսարանում հյուրընկալել ճարտարապետության և շինարարության բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների ու գիտնականների»:
Ռեկտորը հույս հայտնեց, որ այն կմեկտեղի նախանշված ոլորտների հավաքական գիտական ներուժը և ցույց կտա ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային գիտական կյանքում առկա որակական փոփոխություններն ու առաջընթացը:
Սանկտ Պետերբուրգի պետական ճարտարապետության և շինարարության համալսարանի ներկայացուցիչ Իրինա Դրոզդովան էլ տեղեկացրեց, որ 12-րդ միջազգային գիտաժողովն անցկացվելու է հենց իրենց քաղաքում:
«Նպատակ ունենք ճարտարապետության և շինարարության ոլորտում մեր փորձը փոխանակել և այստեղի փորձը նույնպես յուրացնել: Մեր ուսանողները պրակտիկայի համար գալիս են Հայաստան, այստեղից էլ՝ Սանկտ Պետերբուրգ, երբեմն էլ համատեղ նախագծեր են իրականացվում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դրոզդովան:
Գիտաժողովին ներկա էր նաև Պեկինի ճարտարապետության և շինարարության համալսարանի ներկայացուցիչ Քի Չենժին, ում խոսքով՝ իրենց պատվիրակությունն արդեն 3-րդ անգամ է Հայաստանում և մասնակցում այս գիտաժողովին:
Հավելենք, որ գիտաժողովն առաջին անգամ կայացել է 2008 թվականի հոկտեմբերի 15-18-ը Ջերմուկ քաղաքում, որտեղ մասնակցում էին ներկայացուցիչների ՌԴ-ից, Վրաստանից, Սիրիայից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







