2018 թվականից Հայաստանում իրականացվող «ԻՐԻՍ» ծրագրի շրջանակում կյանքի է կոչվում նոր բաղադրիչ՝ ուղղված սիրիահայերի, տեղացիների տնտեսական ինտեգրմանը: Նոր բաղադրիչի՝ «ԻՐԻՍ» բիզնես ինկուբատորի, նպատակն է դառնալ ստարտափների ապագա սերունդների կայուն զարգացման գործիք և նորարարական մոտեցումների միջոցով խթանել ձեռնարկատիրական մշակույթի զարգացումը Հայաստանում:
Բացի դրանից կազմակերպությունը փորձում է նպաստել սիրիահայերի ու տեղացիների տնտեսական ինտեգրմանը: Արդյունքում, նախատեսված է, որ Հայաստանում կստեղծվեն նոր փոքր և միջին ձեռնարկություններ, կյանքի կկոչվեն նոր բիզնես գաղափարներ, կամ գործող ձեռնարկությունները կընդլայնվեն: «ԻՐԻՍ» ծրագրի ընդհանուր բյուջեն 3.3 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամ է, որից 1,9 մլն եվրոն ուղղվելու է տնտեսական ինտեգրման բաղադրիչին: Այս մասին հայտնում է «IRIS Business Incubator»-ը:
Հոկտեմբերի 23-ին հրավիրել էր մամուլի ասուլիս, որի ժամանակ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ ներկայացուցիչ, «ԻՐԻՍ» ծրագրի ղեկավար Լուսինե Ստեփանյանն ասաց, որ աջակցությունը տրամադրվում է բիզնես ինկուբացիայի մեթոդով, դա ենթադրում է բիզնես գաղափարի զարգացման փուլից մինչև կայուն գործունեություն՝ ներառելով նաև ֆինանսավորումը: Լիլիթ Ստեփանյանը նշեց, որ կազմակերպությունը կոնկրետ անձի տրամադրում է բիզնես աջակցության ամբողջական շղթա՝ խորհրդատվությունից մինչև ֆինանսավորում՝ հավելելով, որ իրենք ոլորտային սահմանափակում չունեն, սակայն ունենք առաջնահերթություններ, օրինակ, ոսկերչություն, զբոսաշրջություն, սննդի վերամշակում և այլն։
Լիլիթ Ստեփանյանն իր խոսքում նշել է, որ սիրիական ճգնաժամով պայմանավորված, 22-24 սիրիահայեր, ովքեր տեղափոխվել են Հայաստան՝ կորցրել են սերունդների կողմից ստեղծած հնարավորություններն ու կապերը և դրանով պայմանավորված բավականի խոցելի են։ Այս բոլոր տարիների ընթացքում պետության, մի շարք կազմակերպությունների կողմից իրականացվել են աջակցության տարբեր ծրագրեր, որոնց համադրումն է նպաստում կայուն ինտեգրմանը: «ԻՐԻՍ» բիզնես ինկուբատորն այդ նպատակն է հետապնդում:
«ԻՐԻՍ» բիզնես ինկուբատոր ծրագրի ղեկավար Նարինե Թերզյանն էլ իր հերթին նշեց, այսօրվանից բոլոր ցանկացողները կարող են դիմել: Ֆինանսավորումն իրականացվելու է դրամաշնորհներով ու փոխառություններով:
«ԻՐԻՍ» ծրագրի ընդհանուր ղեկավար Միխայել Գրաբներն իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծեց և հաստատեց իր գործընկերների այն միտքը, որ ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել սիրիահայերի ու տեղացիների սոցիալ- տնտեսական ինտեգրումը, տնտեսական ոլորտի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:
Նշենք, որ «ԻՐԻՍ» բիզնես ինկուբատորը ստեղծվել է 2019 թ-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության` Սիրիայի ճգնաժամի արձագանքման տարածաշրջանային ֆոնդի (ՄԱԴԱԴ ֆոնդ), Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







