ՀՀ վարչապետի որոշման համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու նոյեմբերի 12-13-ը Փարիզում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին: Այս մասին տեղեկատվություն է տարածել նախարարության մամուլի ծառայությունը։
Միջոցառումն իրականացվում է յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ, որին մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 193 երկրի ներկայացուցիչներ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի օրակարգում նախատեսված է կրթության նախարարների բարձրաստիճան հանդիպում, որին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալ տիկին Ստեֆանիա Ջիաննինիի հրավերով մասնակցում է նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Գլխավոր կոնֆերանսի շրջանակում նախատեսվում է ընդունել Բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման վերաբերյալ գլոբալ կոնվենցիայի (Global Convention on Recognition of Higher Education Qualifications) նախագիծը:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, պանելային քննարկումների ընթացքում նախատեսվում է անդրադարձ նաև բարձրագույն կրթության ոլորտում ներառականության և շարժունության հարցերին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







