Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 1 և Գեղանիստ համայնքի «Մանուշակ» մանկապարտեզների խոհանոցները գործում են սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների խախտումներով: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Վերահսկողական աշխատանքների արդյունքում՝ Գեղանիստի մանկապարտեզի խոհանոցում հայտնաբերվել է չմակնշված կարագ և թերի մակնշմամբ (բացակայել է հայերեն մակնշումը) պանիր, որոնց իրացումը կասեցվել է: Խոհանոցում եղել է նաև ժամկետանց մածուն և ձու, որոնք տեղում ոչնչացվել են:
Սննդամթերքի այդ նմուշների օգտագործման ժամկետները դժվար է ասել, քանի որ ՍԱՏՄ-ն գործ ունի այդ պահին այդտեղ եղած նմուշների հետ։ Մանկապարտեզին տրամադրվող սնունդը հիմնականում բերվում է մեկ կամ երկու օր առաջ։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասացին ՀՀ ԿԵ ՍԱՏՄ-ից։
«Մանկապարտեզում եղել է ժամկետնանց 3 ձու, որոնց պահպանման ժամկետն անցած է եղել մեկ օրով։ Թերի մակնշմամբ պանիրը ժամկետի մեջ է եղել, սակայն հայերեն մակնշման բացակայության պատճառով պանրի օգտագործումը կասեցվել է, մինչև հայերեն մակնշման վերականգնումը»,-նշեց ՍԱՏՄ աշխատակիցը։
Մասիսի թիվ 1 մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. Վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ «ԽԱՔ» ՍՊԸ արտադրության 6 տուփ 200գ-ոց թթվասեր՝ մատակարարված «Ռուզ Մարտի» ՍՊԸ-ի կողմից: Թթվասերի իրացման կապակցությամբ հաղորդում է ներկայացվել ՀՀ դատախազություն:
«Մասիսի թիվ 1 մանկապարտեզում հայտնաբերված «Զինվորի բաժին. Վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասերը մատակարարող կազմակերպությունում ստուգում ենք սկսում, իսկ թե ինչպես է «Զինվորի բաժին» մակնշմամբ թթվասերը հայտնվել մանկապարտեզում կպարզի դատախազությունը»,- նշեց ՍԱՏՄ աշխատակիցը։
Մասիսի թիվ 1 մանկապարտեզում հայտնաբերվել է նաև բուսասերուցքային արտադրանք՝ պատրաստված բուսական յուղով՝ թթվասերի տեխնոլոգիայով, որի իրացումը մանկապարտեզում արգելված է: Թե՛ թթվասերի, թե՛ բուսասերուցքային արտադրանքի իրացումը կասեցվել է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







