ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ցավակցական է ուղերձ է հղել լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ: Այս մասին Ինստագրամի իր միկրոբլոգում գրառում է կատարել Արթուր Վանեցյան։
«Խոր ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը: Անգնահատելի են տիկին Գոհարի և նրա ամուսնու՝ անվանի հետախույզ Գևորգ Վարդանյանի վաստակն ու գործադրած ջանքերը հատկապես ֆաշիզմի դեմ պայքարում»,- գրել է Արթուր Վանեցյանը։
ԱԱԾ նախկին տնօրենը ցավակցել է վաստակաշատ հետախույզի ընտանիքին ու հարազատներին՝ նշելով, որ կիսում է նրանց վիշտը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին 93 տարեկան հասակում Մոսկվայում կյանիքից հեռացել էր խորհրդային լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը։
Գոհար Վարդանյանը ծնվել է 1926 թվականին: 1930-ական թվականների սկզբին լեգենդար հետախույզի ընտանիքը տեղափոխվել է Իրան: 16 տարեկանում Վարդանյանը մտել է Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խումբ։ Ամուսնինները՝ Գևորգ ու Գոհար Վարդանյաններն ակտիվ հետախուզական աշխատանք են կատարել: 1943 թվականին Թեհրանի կոնֆերանսի ժամանակ ամուսինները մասնակցել են Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի անվտանգության ապահովման գործողությանը, որի ժամանակ էլ կանխել են հիտլերյան հատուկ ծառայությունների կողմից նախատեսվող մահափորձը:
1951 թվականին Վարդանյան ամուսինները վերադարձել են ԽՍՀՄ, 1956 թվականին ավարտել են Երևանի օտար լեզուների ինստիտուտը: Այնուհետև Գոհար և Գևորգ Վարդանյաններն «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա վիճակում հաջողությամբ աշխատել են աշխարհի շատ երկրներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







