Հայաստանում հունվարի 10-ին գրանցվել է Ա H1N1 գրիպից մահվան դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Աղբյուրի համաձայն՝ լաբորատոր հետազոտությունները հաստատել են գրիպի Ա H1N1 ենթատեսակի առկայությունը։ Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդը բժշկական օգնության է դիմել ծայրահեղ ծանր վիճակում, շնչահեղձությամբ՝ հիվանդության 10-րդ օրը։
Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ լաբորատոր հետազոտությունները վկայում են, որ հանրապետությունում դեռևս նախորդ տարվանից առկա են գրիպի Ա H1N1 և Բ տեսակները, ինչպես նաև այլ շնչառական վիրուսների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացության դեպքեր շատ կան, բայց դրանք նախորդ տարվա համեմատ նվազել են, մասնավորապես՝ 2020 թվականի հունվարի 11-ի դրությամբ 1.2 անգամ նվազել է սուր շնչառական վարակներով պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը, 1.7 անգամ նվազել են նաև թոքաբորբերով հոսպիտալացումները:
Գերատեսչությունը նշում է, որ ներկայումս հանրապետությունում սուր շնչառական հիվանդություններով հոսպիտալացվել է 668 հիվանդ (1,1 անգամ պակաս, քան անցյալ տարի), որոնց 97,9 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







