ԱՄՆ-ն հերքում է Բաղդադից հյուսիս գտնվող էտ Թաջի շրջանին ավիահարվածներ հասցնելու մասին տեղեկատվությունը: Համապատասխան հաղորդագրությունը շաբաթ Twitter-ի իր էջում հրապարակել է «Անսասան վճռականություն» հակաահաբեկչական գործողության շտաբի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Մայլս Քեգգինսը:
«Կոալիցիան վերջին օրերին ավիահարվածներ չի իրականացրել էտ Թաջի շրջանի մոտ (Բաղդադից հյուսիս)», — նշել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր As Sumaria հեռուստաալիքը, շաբաթ գիշերը ամերիկյան ՌՕՈՒ հարված էր հասցրել շիա աշխարհազորի «Ալ Հաշդ աշ Շաաբի» շարասյանը, որում գտնվում էին շարժման բժիշկները:
Նշենք, որ Իրաքում իրավիճակը կտրուկ սրվել է 2019 թվականի դեկտեմբերի 29-ին Սիրիայում և Իրաքում «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման հինգ օբյեկտների ուղղությամբ ԱՄՆ ռազմաօդային ուժերի մի քանի հարվածներից հետո: Պենտագոնում այն ժամանակ հայտարարել էին, որ այդ կառույցը պատասխանատվություն է կրում Երկու օր առաջ Քիրքուքի մերձակայքում իրաքյան ռազմակայանի գնդակոծման համար, որտեղ զոհվել է քաղաքացիական անձանցից ամերիկացի աշխատակիցը: Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ ամերիկյան ավիացիայի հարձակումներից հետո զանգվածային ցույցեր են սկսվել։
Իրադրությունն ավելի է սրվել այն բանից հետո, երբ ուրբաթ գիշերը ԱՄՆ ռազմաօդային ուժերը նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ հարված են հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջանում, որի հետևանքով զոհվել Է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին: Պենտագոնի վարկածով ՝ հարվածը պաշտպանական բնույթ էր կրում և նպատակ ուներ պաշտպանել Իրաքում և այլ երկրներում տեղակայված ամերիկացի զինծառայողներին: Վաշինգտոնը Սոլեյմանին մեղադրում էր Բաղդադում ամերիկյան դեսպանատան առջև բողոքի ակցիաների անցկացման մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







