Հայ հասարակության մեջ դժվար է գտնել մի մարդու, ով գեթ մեկ անգամ լսած չլինի «Արարատ 73» լեգենդար թիմի մասին: ԽՍՀՄ տարիներին երիտասարդ ու հաղթանդամ ֆուտբոլիստներից կազմված թիմն էր հպարտության առիթ դարձել հայերի համար: Ինչ խոսք, նրանց ճանապարհը հեշտերից չէր, բայց դա ամենևին էլ չխանգարեց վերջիններիս նվաճել չեմպիոնի տիտղոսը:
«Արարատ 73»-ի հաղթանակով Խորհրդային Հայաստանում ֆուտբոլ մարզաձևը վերելք ապրեց: Բակերում հաճախ կարելի էր տեսնել երեխաների, ովքեր ամեն գնով փորձում էին կրկնօրինակել «Արարատ 73»-ի խաղի ոճն ու ստրատեգիան: Եվ երեխաներին յուրահատուկ միամտությամբ, գոլ խփողը «թիմի հերոսն» էր: Բայց քչերն էին պատկերացնում, թե դարպասապահի առջև դժվարին ինչ խնդիր է ծառացած: Չէ՞ որ ամուր դարպասն է նաև էապես նպաստում թիմի հաղթանակին: Դե իսկ բակային լավ դարպասապահներին էլ անվանում էին «Ալյոշա»՝ «Արարատ 73»-ի դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի պատվին:
74 տարի առաջ այս օրը ծնվեց դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը: Դարպասապահն առանձնանում էր խաղի իր ոճով: Հնարավոր է հենց դա էլ դարձավ իր այցեքարտը՝ դեպի ֆուտբոլի աշխարհ: Նրա մուտքը ֆուտբոլ մարզաձև պատահականության սկզբունքով էր: Մանկուց Ալյոշա Աբրահամյանը զբաղվում էր վոլեյբոլով, անգամ համամիութենական մանկական սպարդակիադաների էր մասնակցում: Ամեն ինչ փոխվեց, երբ մի օր Լենինականի «Շիրակը» մնաց առանց դարպասապահի: Այդ ժամանակ Ալյոշային խնդրեցին կանգնել դարպասում: Այդտեղից էլ սկիզբ դրվեց լեգենդար դարպասապահի ֆուտբոլային կարիերային:
Ընկերները հիշում են, երբ Ալյոշան արտաքնապես հանգիստ էր, ոչ մի գնդակ չէր կարող ճեղքել դարպասը, իսկ երբ նյարդայնանում էր, ապա փորձանքի հավանականությունը մեծանում էր:
Լենինականցուն յուրահատուկ սուր ու դիպուկ արտահայտություններում շռայլ էր և հաճախ հանդիմանում էր պաշտպաններին: Բայց երբ բաց թողնված գոլն իր պատճառով էր լինում, նա անկեղծորեն, ամոթխած կախում էր գլուխը:
Տեղին է հիշել, 1972 թվականին գերմանական «Կայզերսլաուտերնի» դեմ ՈւԵՖԱ–ի գավաթի խաղում բաց թողած գոլը: Նա այդպես էլ ինքն իրեն չներեց։ Նույնիսկ 40 տարի անց մեղադրում էր իրեն այդ սխալի համար, որը, նրա կարծիքով, ճակատագրական էր։
Վերջին տարիներին Ալյոշա Աբրահամյանը ծանր հիվանդացավ և օրեցօր նրա առողջական վիճակը վատթարանում էր: Լեգենդար դարպասապահը հեռացավ կյանքից մեկ տարի առաջ, օգոստոսի 26-ին ` 73 տարեկան հասակում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







