Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ներկա կգտնվի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆ փուլի «Ֆ91 Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպմանը: Հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին, հայաստանյան ժամանակով 22:00-ին Լյուքսեմբուրգում:
Ֆուտբոլային ակումբի երկրպագուները խաղից առաջ Լյուքսեմբուրգում երթ կիրականացնեն դեպի մարզադաշտ։
«Տաշիր» ընկերությունը բոլոր ֆուտբոլասերներին հրավիրում է Երևանի սրտում գտնվող «Նոր Երևան» այգում (Սարյան-Մաշտոց հատված) և Ազատության հրապարակի հարակից Կարապի լճի տարածքում համատեղ դիտելու «Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆ փուլի «Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ» ֆուտբոլային դիմակայության առաջին հանդիպումը Երևանում ավարտվել է 2։1 հաշվով՝ հայկական թիմի հաղթանակով։
Նշենք, որ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի հովանավորն է «Տաշիր» ընկերությունների խումբը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







