ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել և այն ընդունվել է: Այս մասին Եգանյանը հայտարարել է իր Ֆեյսբուքյան կայքէջում։ Հայտարարության մեջ նշվում է․
«Շնորհակալություն եմ հայտնում Արթուր Վանեցյանին այս ոլորտում ինձ աշխատելու հնարավորություն տալու համար։ ՀՖՖ-ն տարբերվում էր իմ նախորդ աշխատավայրերից, քանզի ֆուտբոլն ինձ համար ավելին էր, քան աշխատանքը, շարունակելու եմ խենթի նման սիրել այն ու երկրպագել հայկական ակումբներին ու հավաքականներին:
Շնորհակալություն այն մարդկանց, որոնց հետ պատիվ ունեցա աշխատել, սովորել նրանցից ու կիսվել սեփական փորձով»,-նշել է Եգանյանը:
ՀՖՖ նախագահի արդեն նախկին խորհրդականը ՀՖՖ նոր ղեկավարությանը մաղթել է հաջողություններ՝ ընդգծելով, որ անձերը կարևոր չեն, կարևորը երկիրն է ու մեր ֆուտբոլի զարգացումը:
«Ժամանակն է, որ մեր թիմերն ու ազգային հավաքականները գրանցեն լուրջ արդյունքներ ու մասնակցեն խոշոր մրցաշարերի, դրան հասնելու համար առկա է ամեն տեսակի պայման: Կարծում եմ, պակասում է միայն հավատը, մենք դա կարող ենք տղաներ ու աղջիկներ, ոչ մեկն էլ մեզանից առավել չէ: Բարով մնաք, շնորհակալություն»-ամփոփել է Եգանյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







