Իշխանությունները Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը կարգադրել են Ֆորդոյի օբյեկտում ուրանի հարստացումը հասցնել մինչև 5 տոկոսի: Այս մասին, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, հայտարարությամբ է հանդես եկել այդ կառույցի ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։
«Ատոմային էներգիայի կազմակերպությունը կարգադրություն է ստացել ուրանը հարստացնել մինչև 5 տոկոս», — ասել է նա:
Քամալվանդին նշել է, որ այդ հարստացման այս հզորությունը բավարար չեն ռազմական նպատակների համար օգտագործելու նպատակով։
«Մի՞թե կարելի է նման հարստացման դեպքում միջուկային ռումբ ստեղծել։ Այս ամենը ԱՄՆ-ի և Իսրայելի կեղծ հայտարարություններն են», — հավելել է նա։
Այս քայլով, ըստ էության, Իրանը մեկնարկում է միջուկային համաձայնության շրջանակներում ստանձնած պարտավորությունների շրջանցման չորրորդ փուլը, ինչը նա մեկնաբանում է որպես համաձայնության մնացյալ կողմերի՝ արևմտյան տերությունների կողմից իրենց ստանձնած տնտեսական պարտավորությունների չկատարման արդյունք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







