Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ցանկացած ծրագրի անբաժանելի մասն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան՝ արձագանելով Սերգեյ Լավրովի Երևանում արած հայտարարություններին։
Աբդուլաևան նշել է, որ Ադրբեջանը մշտապես ասել է Ղարաբաղից արտաքսված ադրբեջանցիների վերադարձը կարող է իրական հնարավորություններ ստեղծել Ադրբեջանի սահմաններում հակամարտության կարգավորման համար և բարձր մակարդակի ինքնակառավարման կարգավիճակի հիմքով, որը նախատեսում է տարածաշրջանի երկու՝ ադրբեջանական և հայկական համայնքների, խաղաղության և անվտանգության պայմաններում համագոյակցություն։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակի խոսքով՝ այս ամենի համար առաջին հերթին անհրաժեշտ է հակամարտության կարգավորման հարցով առարկայական բանակցություններ անցկացվեն, բացի այդ «հայկական օկուպացիոն ուժերը պետք է լքեն Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանի 7 շրջանները:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պետք է հաշվի առնի շահերի իրական հավասարակշռությունը՝ հավելելով, որ տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքների և խաղաղ կարգավորման սկզբունքներն ամրագրված են բոլոր տարբերակներում, որոնք կողմերի միջև քննարկվում են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







