Ռուսաստանի կողմից խոստումները չկատարելու վերաբերյալ Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությունը և Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունը վերսկսելու սպառնալիքները, որոնք կարող են հանգեցնել իրադրության սրման, տարակուսանք են առաջացրել ՌԴ պաշտպանության նախարարությունում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը մարտական գործողություններ սանձազերծելու կոչ է և կարող է հանգեցնել միայն իրադրության սրման Սիրիայի հյուսիսում, այլ ոչ թե կարգավորման, ինչպես դա արձանագրված Է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների կողմից ստորագրված համատեղ հուշագրում։
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն նոյեմբերի 18-ին հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը վերսկսելու Անկարայի պատրաստակամության մասին, եթե «ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական կազմավորումներն իրենց մարտիկներին հետ չքաշեն թուրք-սիրիական սահմանից:
Չավուշօղլուն ԱՄՆ-ին և Ռուսաստանին մեղադրել էր նրանում, որ վերջիններս անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկում Անկարայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







