Տրանսանատոլիական գազամուղի (TANAP) նախագծի իրականացումն ավելի մեծ նշանակություն է տալիս Վրաստանի տարանցիկ գործառույթին, ինչը կանդրադառնա տնտեսության արագ աճի, աշխատատեղերի ստեղծման և երկրի անվտանգության վրա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Գեորգի Գախարիան, որը մասնակցել է Հունաստանի հետ սահմանին գտնվող Էդիրնայում գազատարի գործարկման պաշտոնական արարողությանը ։
«Ձեզ հայտնի է, որ էներգակիրների փոխադրման տեսանկյունից այս նախագիծը կարևորագույն նախագիծ է, որն էլ ավելի մեծ նշանակություն է տալիս Վրաստանի տարանցիկ գործառույթին։ Մենք բոլորս լավ հասկանում ենք, թե որքան կարևոր է, որ մեր երկիրը կատարի կամրջի գործառույթը և այդ դերը ոչ միայն տնտեսության, քաղաքականության և մշակույթի, այլև էներգակիրների տեսանկյունից, քանի որ մեր կառավարության կարևորագույն մարտահրավերը արագ տնտեսական աճն է, նոր աշխատատեղերն ու երկրի անվտանգությունը», — Գախարիայի խոսքը մեջբերում Է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը:
Գախարիայից բացի, նախագծի գործարկման պաշտոնական արարողությանը մասնակցել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները:
Գազատարի սկզբնական թողունակությունը, որը դիտարկվում է որպես «Թուրքական հոսքի» հնարավոր մրցակից, կկազմի տարեկան 16 մլրդ խորանարդ մետր գազ։ Այդ ծավալներից 6 մլրդ խմ-ը մնալու է Թուրքիայում, իսկ 10 մլրդ խմ-ը՝ կփոխադրվի Եվրոպայի հարավ։ TANAP-ը Հարավային գազային միջանցքի մի մասն է, որը Բաքվից մինչև Իտալիայի հարավ ձգվում է Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Ալբանիայի տարածքով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







