Գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։ Փորձագետն ընդգծել է, որ մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ, բայց կարմիր գիծը հատված է: Ամերիկագետն առանձնացրել է գործընթացի հետ կապված որոշակի սցենարներ, այն է՝
«1. Երկու երկրների տարածքներում ռազմական բախումներ բնականաբար չեն լինի:
2. Իրանը պատաախան հարված կհասցնի:
3. Երկու պետությունների ազդեցության տակ գտնվող զինված միավորների բախումներ կլինեն:
4. Իսրայելը կներգրավվի:
5. Սաուդյան Արաբիան կաջակցի ամերիկացիներին:
6. Իրանի հրթիռների համար տարածաշրջանում ամերիկյան բոլոր ռազմաբազաները հասանելիության գոտում են:
7. Հասանելի են նաև տարածաշրջանի նավթային հիմնական հորերը:
8. Շահերի բախման հավանական կետերը կլինեն Լիբանանը, Իրաքը, Սիրիան և այլն:
9. Մենք ինչ, որ առումով «դռբի տակ» կընկնենք, բայց դեռ չգիտեմ ինչ ձևի «դռբ» կլինի»,- ընդգծել է Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պենտագոնը հաստատել էր, որ ուրբաթ Բաղդադի օդանավակայանի շրջանում հրթիռային հարված է հասցրել, որի արդյունքում սպանվել Է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին: Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը նաև տեղեկացրել է, որ գործողությունն իրականացվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







