Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի որոշմամբ՝ փետրվարի 24-ին՝ ժամը 11-ին, տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
Ինչպես հաղորդել Է հանձնաժողովի ղեկավար Մխիթար Հայրապետյանը, օրինագիծն արդեն ուղարկվել է Արդարադատության նախարարություն, հասարակական քննարկումների անցկացումից հետո փաստաթղթում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել:
«Ի սկզբանե մենք նախատեսել էինք լսումներ անցկացնել փետրվարի սկզբին, սակայն հաշվի առնելով կատարված փոփոխությունները՝ նպատակահարմար գտանք դրանց կազմակերպումը միայն ամսվա վերջին», — հայտարարել է նա:
Անդրադառնալով տեղեկատվությանը, թե կառավարությունը նախատեսում է խորհրդարանի քննարկմանը ներկայացնել օրինագիծ, որի համաձայն Կրթության ազգային ռազմավարությունը կհաստատի ոչ թե խորհրդարանը, այլ գործադիր իշխանությունը, Հայրապետյանը նշել է․«Կարծում եմ՝ կառավարության նման նախաձեռնությունը կարժանանա խորհրդարանի լուրջ հակազդեցությանը։ Հուսով եմ, որ կառավարությունը մեզ նման օրինագիծ չի առաջարկի», — հայտարարել է նա։
Հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ մինչ լսումները օրինագիծը պաշտոնապես կներկայացվի պատգամավորներին և
որքան իրեն հայտնի է հիմնական փոփոխությունները, որոնք կատարվել են, վերաբերել են բուհերի կառավարման հարցին։
Հանձնաժողովի փոխնախագահը կարևորել է ազգային ռազմավարության իրականացման հաջորդականության ապահովումը՝ անկախ նրանից, թե ով է զբաղեցնում նախարարի պաշտոնը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







