Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հրաժարական է տվել երկրի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին հայտնում է«Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով Հանրապետության փոխնախագահ Ասլան Բարցիցի հայտարարարությանը։
«Հանուն նրա, որ արյունահեղություն չլինի, հանուն նրա, որ հանրապետությունում գոնե ինչ-որ կայունություն լինի, նա որոշում է կայացրել ստորագրել համապատասխան փաստաթուղթ»,- նշել է Բարցիցը։
Խաջիմբայի հրաժարականի փաստաթուղթն ուժի մեջ է մտել ստորագրելուց անմիջապես հետո։
Անդրադառնալով Խաջիմբայի հնարավոր մասնակցությանը արտահերթ ընտրություններին՝ Բարցիցը պատասխանել է, որ դա իրենք դեռ կորոշեն։
Աբխազիայի փոխնախագահի խոսքով ՝ Հանրապետություն է ժամանել նաև Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը «իրավիճակը հարթելու համար»:
Հիշեցնենք, որ հինգշաբթի՝ հունվարի 9-ին, Սուխումում սկսվել են բողոքի ակցիաներ։ Ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են նախագահի հրաժարականը:
Հունվարի 10-ին Աբխազիայի Վճռաբեկ դատարանը անօրինական էր ճանաչել սեպտեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ-ի որոշումը։
Աբխազիայի ԿԸՀ-ն այսօր հայտարարել է, որ նախագահական նոր ընտրությունները տեղի կունենան մարտի 22-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







