Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախագահների մասնակցությամբ հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա Ռուսաստանում։ Հանդիպման ժամկետները դեռևս պաշտոնապես հայտնի չեն։ Այս մասին հայտարարել Է Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը։
Երեք երկրների ղեկավարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2016 թ․ օգոստոսին Բաքվում, երկրորդը՝ 2017 թ․ նոյեմբերին Թեհրանում։
Եռակողմ ձևաչափի շրջանակներում փոխգործակցել ցանկանում են ինչպես Մոսկվայում, այնպես էլ Թեհրանում և Բաքվում։
Այս համագործակցության շրջանակներում հիմնական գործոնը չոր պրագմատիզմն է, քանի որ եռանկյունու ներսում բազմաթիվ դժվարություններ կան։ Այն իրավիճակում, երբ հարևան տարածաշրջաններում անկայունությունը խորանում է, և միջազգային խոշոր կենտրոնները քայլեր են ձեռնարկում այդ տարածաշրջաններում դիրքերն ամրապնդելու ուղղությամբ, երեք երկրներն էլ քայլեր են ձեռնարկում աշխարհաքաղաքական լուրջ խնդիրներից իրենց պաշտպանվելու ուղղությամբ:
Մասնավորապես, Մոսկվայի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից է իր հարավային սահմանների (խոսքը Հարավային Կովկասի մասին է) հարևանությամբ կայուն և կանխատեսելի իրադրություն ձևավորելը։ Սիրիական ճգնաժամի համատեքստում, հատկապես վերջին տարիներին, Ռուսաստանը նկատելիորեն ամրապնդել է իր դիրքերը Փոքր Ասիայում և Մերձավոր Արևելքում։
Իր հերթին, Իրանը, ամերիկյան կոշտ պատժամիջոցների պայմաններում, փորձում է ամրապնդել և ընդլայնել գործընկերային հարաբերությունները հյուսիսային հարևանների հետ։ Եվ այս համատեքստում Ադրբեջանի և Ռուսաստանի հետ Իրանի համագործակցությունը, հատկապես էներգետիկայի և տրանսպորտային հաղորդակցության ոլորտում, լավ հնարավորություն է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական ակտիվ դերակատարություն ունենալու, ինչպես նաև եվրոպական շուկա դուրս գալու համար։
Ինչ վերաբերում է Բաքվին, ապա Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքն ու տրանսպորտային տարանցիկ հնարավորությունները Ադրբեջանին գրավիչ են դարձնում Մոսկվայի և Թեհրանի համար:
Չնայած նրան, որ Բաքուն ցանկանում է եռակողմ համագործակցության ձևաչափը տարածաշրջանում այլընտրանք չունենա, այնուամենայնիվ, Ռուսաստան-Ադրբեջան-Իրան եռակողմ համագործակցությունը տարածաշրջանում համագործակցության միակ ձևաչափը չէ, կան համագործակցության նաև այլ տարբերակներ։
Ռուսաստանն ու Իրանը Հարավային Կովկասում հաշվի են առնում նաև Հայաստանի գործոնը։ Երևանն ու Թեհրանը ռազմավարական գործընկերներ են, իսկ Երևանն ու Մոսկվան՝ ռազմավարական դաշնակիցներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







