Օրերս Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի էներգետիկ ցանցերի միավորումը, ցանկության դեպքում կարելի է ավարտել 2-3 տարում: Տիգրան Ավինյանի խոսքով նման միավորման նպատակը գլոբալ շուկայի և գլոբալ էներգետիկ ենթակառուցվածքի առկայությունն է։
«Մենք ցանկանում ենք կառուցել մի համակարգ, որը թույլ կտա զուգահեռ աշխատել Ռուսաստանի հետ»,- նշել է Տիգրան Ավինյանը։
Էներգետիկ միասնական ցանց ձևավորելու գաղափարն առաջին չորս երկրների բարձրաստիճան պաշտոյաներն առաջ են քաշել դեռևս 2015 թ․ դեկտեմբերի վերջին։ Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարների հանդիպման արդյունքում ստորագրվել է քառակողմ հուշագիր, որը նախատեսում է էլեկտրաէներգիայի փոխհոսքերի կառավարման մակարդակի բարձրացում, էներգահամակարգերի անվտանգության և հուսալիության բարձրացում:
Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի այն ժամանակվա տեղակալ Արեգ Գալստյանի խոսքերով Հայաստանը, Իրանը, Վրաստանը և Ռուսաստանը կկարգավորեն Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքը, որը թույլ կտա էլեկտրաէներգիայի տարանցում իրականացնել քառակողմ ձևաչափով:
2016 թ․ ապրիլին չորս երկրների էներգետիկ գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են էներգահամակարգերի համատեղ աշխատանքի նախապատրաստման ճանապարհային քարտեզը, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման և համագործակցության մասին հուշագիրը:
Հետաքրքրական է, որ սկզբում միավորվել է Ռուսաստանի և Իրանի էներգետիկ ցանցերը։ Նախագծի իրականացման համար որպես կապող երկրներ դիտարկվել են Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը։ Սակայն Բաքուն հրաժարվել է մասնակցել այդ հարցի շուրջ բանակցություններին՝ Երևանի ներգրավվածության պատճառով։
Այսօր միաժամանակ և զուգահեռ ռեժիմով աշխատում են Իրանի և Հայաստանի, ինչպես նաև Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրացանցերը։ Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման նոր գծերի կառուցումը հնարավորություն կտա միավորել այդ երկրների, ինչպես նաև Ռուսաստանի էներգետիկ ցանցերը։
Նշենք, որ խորհրդային տարիներին նման համակարգ բավականին արդյունավետ էր գործում։ Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո այն դադարել է գործել։
Մասնագետների կարծիքով Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ միջանցքը շահավետ է ինչպես տնտեսական, այնպես էլ տեխնոլոգիական տեսանկյունից։ Դեռևս 3 տարի առաջ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պնդում էր, որ նախագծի իրականացման դեպքում 4 երկրների էներգացանցերը կկարողանան աշխատել համաժամանակյա ռեժիմով՝ մինչև 1200 Մվտ հզորությամբ։ Դա բավական է առևտրային և փոխանակման, ինչպես նաև ցանկացած վթարային իրավիճակի դեպքում։
Այս նախագծի իրականացման համար մեծապես շահագրգռված են Հայաստանն ու Վրաստանը, քանի որ նրանք լրացուցիչ պահուստների, էներգիայի մատակարարման կարիք ունեն։ Մինչդեռ Մոսկվայի համար էներգահամակարգի միավորումը Վրաստանի, Հայաստանի և Իրանի հետ ունի ինչպես տնտեսական, այնպես էլ ավելի մեծ չափով աշխարհաքաղաքական նշանակություն։
Էներգետիկ ցանցերի միավորումը հնարավորթյուն կտա նախագծին մասնակից երկրներում և տարածաշրջանում էլ ավելի մեծացնել ազդեցությնունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







