ՀՀ կառավարությունն օգոստոսի 22-ի նիստում հավանություն է տվել 2017թ. նոյեմբերի 3-ին ստորագրված «Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Համաձայնագրի շրջանակներում գաղտնի տեղեկույթի փոխանցումն ամեն առանձին դեպքում կատարվում է պայմանագրի կողմերի օրենսդրության համաձայն՝ ելնելով սեփական շահերից: Այդ համաձայնագրով ԱՊՀ շրջանակներում կամրապնդվի ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման միջպետական համագործակցությունն ու կբարձրանա դրա արդյունավետությունը: Համաձայնագրի կատարման համար ՀՀ պատասխանատու մարմիններն են ԱԱԾ-ն, Ոստիկանությունը և Պաշտպանության նախարարությունը:
Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել է անդամ պետություններից յոթի կողմից, ընդ որում՝ Հայաստանն այն ստորագրել է վերապահումով, որը վերաբերում է ՀՀ ԱԺ կողմից վավերացվելուց հետո ՀՀ-ի համար ուժի մեջ մտնելուն: Համաձայնագիրը չեն ստորագրել Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուկրաինան և Մոլդովան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







