Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:18

Միքայել Մինասյանն առաջարկում է Հայաստանում պոպուլիզմի դեմ պայքարի 7 մեթոդ

Միքայել Մինասյանն առաջարկում է Հայաստանում պոպուլիզմի դեմ պայքարի 7 մեթոդ

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ Երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել, որում քաղաքացիներին առաջարկում է պոպուլիզմի դիկտատուրայի դեմ պայքարի յոթ միջոց, որն, ըստ նրա, տիրում է Հայաստանում` կառավարելով այժմ, ինչպես «Հայկական Ժամանակ» թերթի խմբագրությունը` 24/7 ռեժիմով:

Կարծանարար երևույթների դեմ պայքարի` Մինասյանի կողմից առաջ քաշված միջոցների նախաբանում նշվում է հետևյալը.

—«Պոպուլիզմի դիկտատուրան չի կարող երաշխավորել քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը, այլ ընդհակառակը»:

—«Զանգվածային հիպնոզը դառնում է գործող իշխանության գործունեության միակ ուղղությունը»: Ըստ Մինասյանի` նման տեմպերով «իշխանությունն իր ամբողջ ժամանակը կվատնի սխալները կոծկելու վրա` մշտապես համոզելով բոլորին, որ ճիշտ չեն ընկալել իրականությունը: Եվ այդ փուլն արդեն եկել է»:

—«Գիտակից քաղաքացիների թիվն ամսական աճում է 2 %-ով, կամ ավելի քան 50 հազար մարդ, որը հավասար է մի քաղաքի բնակչության»: Մինասյանի կարծիքով Հայաստանի քաղաքացիներն օժտված են նույնիսկ նարկոզի մահացու չափաբաժնից դուրս գալու տաղանդով:

— Աննախադեպ արագությամբ տարածվում է ««Հայկական Ժամանակ» խմբագրություն-երկրի ավարտ» անունով նոր միտում:

Դիմելով ընթերցողներին` Մինասյանը նրանց կոչ է անում հետևյալը. «Քո հեղափոխությունն սկսել է, եթե դու պատրաստ ես միանալու այդ նոր շարժմանը և գիտակցում ես ներկա իշխանության քաղաքականության աղետալի հետևանքները»:

Այսպիսով` Մինասյանը կոչ է անում.

1.Խոսի՛ր

Գիտեմ` դու ասելիք ունես: Նույնիսկ ճիչ: Դու հոգնել ես ապրել ամենօրյա նյարդային միջավայրում: Քեզ արդեն խանգարում է տեղեկատվության բոլոր աղբյուրներից հորդացող հարայհրոցը, գոռոց-ճղճղոցը, ամեն օր հրամցվող նոր «թշնամիների» պարտադրանքը, «ամեն ինչ լավ է»-ի` կեղծ տեսարանների առատությունը: Իրականում պարզ է, որ ցանկացած առողջ հոգեբանությամբ մարդ ցանկանում է հանգիստ առօրյա, ցանկանում է ապրել իր խնդիրներով, երեխաների ուսման հոգսով, ունենալ նպատակներ, ծրագրել իր անելիքը՝ առաջիկա ամսվա, տարվա կամ ապագայի համար։ Այսօր դա անհնար է անել, երբ շուրջբոլորը մոլագար գոռգռոց է, անառողջ ու չդադարող աղմուկ։

Իրականում ամեն ինչ քո ձեռքերում է. անջատիր քեզ մտածել խանգարող աղմուկն ու ի՛նքդ խոսիր: Խոսիր բարձրաձայն, այլ ոչ թե ինքդ քո հետ: Այսօրվա խոսացողներից որևէ մեկը քեզնից խելացի չէ, և, որ ավելի կարևոր է, քեզնից իրական չէ: Խոսի՛ր, մաս դարձի՛ր նոր թրենդին, նոր շարժմանը: Խոսի՛ր աշխատավայրում, խոսի՛ր բակում, հյուր գնալիս ու բարեկամական շփումներում:

2.Մի՛ վախեցիր

Կարող է թվալ, թե այսօր ռեժիմին հակառակվողներին կալանավորում են կամ խայտառակում, քեզ կամ հարազատներիդ: Սո՛ւտ է: Իհարկե շատ կուզեին, բայց չեն կարող: Անշուշտ, հանցավոր թիմակիցների արարքները ծածկելը տեսնում ենք ամեն օր: Անշուշտ, այլախոհների դեմ կալանքը որպես քաղաքական գործիք օգտագործելն էլ տեսնում ենք անընդհատ: Դա ավելի շատ արվում է քո ընկալումների համար, որ քեզ թվա, թե յուրաքանչյուր հակառակ միտք ասողին, բարձրաձայնողին կձերբակալեն: Հիմարություն է: Մի՛ վախեցիր, որ չխաղաս կիսագրագետ քաղաքականություն իրագործողների խաղը: Կա ավելի մեծ վախ՝ դա վաղը վախենալու այլևս ոչինչ չունենալն է, դա տեսանելի աղետն է, որի համեմատ ներկա հորինովի և թվացյալ վախն ուղղակի խաբկանք է:

3.Պահանջի՛ր

Իրենք կան, քանի որ կաս դու: Դու ես իրենց աշխատանք տվել: Նրանք դա շփոթել են գահի հետ: Քո հույսը դեպի պայծառ ապագա վերածել ես քվեի, իսկ նրանք քո քվեն ընկալել են ոչ թե որպես պարտավորություն, այլ միջոց: Դու չէիր քվեարկում հանուն կեցավայրի միլիոնավոր դոլարի նորոգման, մասնավոր ինքնաթիռի ու գերթանկարժեք ավտոմեքենայի համար, այլ ակնկալում էիր հոգսի թեթևացում ու արդյունավետ աշխատանք, արդարություն և օրենքի գերակայություն: Նրանք խոստացան, բայց արդյունքի փոխարեն սկսեցին ծածկադմփոց անել խայտառակությունները և որդեգրեցին կեղծ արդյունք-հեքիաթներ մատուցելու մարտավարությունը: Քեզ խոստացել են, ուրեմն պահանջի՛ր. թող արագաչափերը հանվեն, գազն ու էլեկտրաէներգիան էժանանան, վերելակները փոխարինվեն-մեծացվեն, չէ՞ որ խոստացել են։ Պահանջի՛ր խոստումների կատարում: Պահանջի՛ր բոլոր քո ունեցած հնարավորություններով, խոսի՛ր, գրի՛ր ու արձագանքի՛ր:

4.Մերժի՛ր վիրտուալ իրականությունը

Սոցիալական ցանցերում վաղուց արդեն գործում են իշխանական պրոֆեսիոնալ շատ մեծ բանակներ: Նրանք նպատակ ունեն հրահանգավորված վիժեցնել ցանկացած խնդրի քննարկում, հայհոյել այլախոհներին, անընդհատ կերտել նոր թշնամիներ և ստեղծել կեղծ իրականություն, իբր ամբողջ ժողովուրդը իշխանության հետ է, իսկ ցանկացած բացասական երևույթի համար մեղավոր են հնարավոր բոլոր ուրիշները, բայց ոչ իշխանությունը: Հետևաբար հաղթի՛ր այս կեղծ, վիրտուալ իրականությանը: Մի՛ կարդա, պարզապես մի՛ կարդա: Սոցիալական ցանցերում քեզ հետ շփվելու հնարավորություն տուր միայն իրական մարդկանց, մերժիր ցանկացած կեղծը: Մի՛ կարդա «քոմենթներ», դրանք արտադրվում են հրահանգով, ավտոմատացված համակարգերով. դրանց հետևում չկան իրական մարդիկ, կան բանաձևեր՝ հայհոյել, խայտառակել կամ լռեցնել։ Դրանց արտադրության վրա ծախսվում են հանրային մեծ միջոցներ: Մերժիր կեղծ վիրտուալ իրականությունը, դա Հայաստանում հատուկ նպատակով ստեղծված ժամանակակից հանրային թմրամիջոց է և զենք` ստեղծողների ձեռքին:

5.Դատի՛ր ինքդ

Ամենօրյա գլուխգովանության, անվերջ «սելֆիների» հոսքի, արքայավայել ճամփորդությունների, չընդհատվող միջոցառում-տեսարանների տակ միշտ փորձիր հասկանալ քո ու քո ընտանիքի համար հնարավոր իրական օգուտը. կա՞, թե՞ չկա: Տվյալ տեսարանը որևէ կերպ, որևէ իրական ծրագրով բարեկեցության բարձրացման հնարավորություն ավելացնու՞մ է, երեխաների կրթության կամ ծնողների առողջական խնդիրների լուծման նոր ճանապարհ բացու՞մ է, ինչ-որ չափով ավելացնու՞մ է մեր երկրի անվտանգության մակարդակը: Եթե ոչ, անջատի՛ր հեռուստացույցը և գնա՛ զրուցելու ընկերներիդ հետ: Գիտեմ, որ մերժել ես անցյալը, բայց անցյալը մերժել չի նշանակում մեխանիկորեն համաձայնել ներկայի բոլոր դատարկաբանությունների ու սպառնալիքների հետ: Մերժել ներկան, չի նշանակում վերադարձ անցյալին: Թույլ մի տուր, որ անցյալի հանդեպ քո բարկությունը զենք դարձնեն քո դեմ ներկայում: Գնա՛ զրուցելու ընկերներիդ հետ. միասին դուք ավելի խորը կտեսնեք իրականությունը:

6.Հիշի՛ր, քեզ չվերաբերող անարդարություն չկա

Մեր օրերի ամենամեծ խաբկանքն այն է, թե աչքի չընկնելով, ոչինչ չանելով կամ շողոքորթելով իշխանությանը, կարելի է խուսափել պետական բռնությունից: Ուրիշի հանդեպ ընդգծված անարդարություն կամ բռնություն չի լինում: Վաղ թե ուշ հերթը քեզ էլ կհասնի: Չկանգնեցի՞ր այսօր ակնհայտորեն սեփական կարծիքի համար հանիրավի պատժվողի, վարկաբեկվողի կողքին, վաղը, երբ հասնի քո հերթը, մենակ կլինես: Միշտ ձայն բարձրացրու իշխանական «բեսպրիդելի» դեմ, որ մենակ չմնաս:

7.Թիմ հավաքիր

Բազմապատկվող խնդիրներին արձագանքն իշխանության կողմից ավելացող կեղծիքն ու ահագնացող բռնությունն է լինելու` ձեռագիրն արդեն պարզ է: Եթե գտել ես համախոհների այն խումբը, որտեղ հարմարավետ ես զգում, քննարկիր նաև ինքնակազմակերպվելու, միասին գործելու, միասին պաշտպանվելու և խնդիրներ լուծելու տարբերակները: Ծանր շրջանը նոր է սկսվում. քննարկիր քեզ, ձեր ընտանիքները համակարգված պաշտպանելու քո ու համախոհներիդ հնարավորությունները:

Մինասյանն իր տեքստն անվանում է «ուղեցույց»` ստեղծված «երկիրը փրկելու նպատակով»: Միևնույն ժամանակ Մինասյանը կանխատեսում է վաղահաս աղետ, որն, ըստ նրա, բնակչության մի մասը «կանխատեսում է», իսկ մյուս մասը` «կանխազգում»: Ըստ հեղինակի` «մոտեցող աղետը, լինի դա տնտեսական, հասարակական, թե անվտանգային, ուղիղ համեմատական է այն ծավալին, որով պետք է չափվի ներկա իշխանությունների հակառակորդների քանակը»:

«Որքան շատ մենք լինենք այսօր, այնքան ավելի փոքր կլինի վաղվա աղետը»,-ավարտում է իր միտքը Մինասյանը: -Հետևաբար պետք է գործել անհապաղ և հենց այս պահից:

Մինասյանը վերջում հավելում է, թե գործընթացն սկսված է, և որպես հաստատում այդ ամենին բերում մի քանի փաստ.

— «Մեր մայրենիի ու պատմության համար Երևանի կենտրոնում փողոց են դուրս եկել փայլուն երիտասարդներ։

— Փարիզում դեմ առ դեմ իրենց բողոքի ձայնն են հնչեցնում իրականությունը հավուր պատշաճի ընկալած մեր հայրենակիցները։

— Վաղը Մարզահամերգային համալիրում Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ տեղի կունենա «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովը»։

«Սխալ է միայն ոչինչ չանելը»,-եզրափակել է Մինասյանը։

Մի փոքր ակնարկ Armenia Today-ի կողմից.

1.Իշխանության հեղինակության մասին. Ներկա իշխանությունների աջակցության վերաբերյալ պաշտոնական վիճակագրական տվյալներ չկան: Կան միայն 2019թ. նոյեմբերի սկզբին Gallup International-ի կողմից հրապարակված տվյալներ, որոնց համաձայն` Հայաստանի վարչապետի ռեյտինգը 67% է, և վերջին ժամանակներում գերակշռում է ոչ զգալի աճն ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում: Սակայն եթե հետևենք Մինասյանի կողմից առաջարկվող տրամաբանությանը, ով հայտարարում է, որ յուրաքանչյուր ամիս մի ամբողջ քաղաքի բնակչություն հիասթափվում է իշխանություններից, շուտով երկրում ոչ ոք չի աջակցի Նիկոլ Փաշինյանին: Համաձայն Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալների` ՀՀ-ում կա 59 քաղաք: Այդ դեպքում պարզ հաշվարկով երկրի ղեկավարության ռեյտինգի կտրուկ անկմանը մնացել է 59 ամիս կամ շուրջ 5 տարի: Եվ միայն այդ ժամանակ կարելի կլինի ասել, թե որքանով էին ճիշտ Մինասյանի կանխատեսումները:

2.Մտածողության մաքրման իրական մեթոդներ և վիրտուալ ազդեցությունից ազատագրում. Մինասյանն այստեղ չի հիշատակում նաև այն, որ նրան աջակցող ԶԼՄ-ները, հասարակական գործիչները հանդիսանում են վիրտուալ իրականության բոլոր սեգմենտներում տեղեկատվական աղմուկի, տեղեկատվության անվերջանալի հոսքի ձևավորման գործընթացի ամենօրյա մասնակիցներ` դրանով իսկ էլ ավելի աջակցելով հասարակության մասնատմանը:

2.1Քաղաքական իրողությունների ծանրաբեռնվածության հաղթահարում. Կապի հասանելիություն ունեցող այսօրվա քաղաքացու խնդիրը հագեցած է քաղաքական ծանրաբեռնվածությամբ: Եվ այստեղ ամենակարևորն այն չէ, որ հանդես գա կողմ կամ դեմ, բղավի կամ պայքարի, այլ այն է, որ այս ամենից առանձնանա մի նպատակով` հասկանալու ինքն իրեն, գիտակցելու իր նպատակներն ու խնդիրները կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, և միայն այս ամենից ելնելով գործել: Եվ լիովին հնարավոր է, որ մտածողության կանոնավոր մաքրումը հնարավորություն կտա հասարակ քաղաքացուն չխորասուզվել քաղաքականության մեջ, որտեղ նա դատապարտված է դառնալու քաղաքական ուժերի գործիք, այլ ուրիշ մեթոդներով հասնելու սեփական նպատակներին, օրինակ` միանալու արհմիություններին (եթե կոշկակար ես, կարող ես ստեղծել արհմիություն և հասնել հարկերի նվազման):

2.2 Քաղաքական մանիպուլացման երեք պարզ մեթոդների կիրառում. Քաղաքական մանիպուլացման դեմ պայքարի ամենագործնական մեթոդները դրանք Homo sapiens-ի կողմից մտածված ամենահին մեթոդներն են

—ավելի շատ կարդացե´ք մասնագիտական գրականություն այն նորությունների հոսքին հետևելու կամ ուղիղ եթերները լսելու փոխարեն, որոնց անձամբ ծանոթ չեք: Ժամանակաի բացակայության դեպքում լսե´ք գրքեր: Հավատացե´ք` մտածողության մաքրման մեկ ամիսը հնարավորություն կտա քաղաքական շատ տեքստեր կամ գործիչների կոչեր լիովին այլ կերպ ընկալելու` առանց դրանցում հուզականություն մտցնելու,

—զբաղվե´ք սպորտով: Ոչ թե քաղաքականությունն, այլ սպորտն է երկարակեցության բանալին, որը հնարավորություն կտա խուսափելու թանկարժեք հիվանդանոցներից և բուժումներից,

—լսե´ք հայկական դասական երաժշտություն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+