Օրերս Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը դարձավ այս տարվա 5-րդ և վերջին հանդիպումը: Հանդիպման գլխավոր արդյունքը դարձավ հաջորդ տարվա սկզբին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հերթական անգամ Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հանդիպման պայմանավորվածությունը։
Հանդիպման ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահները համատեղ հայտարարության մեջ վերահաստատել են, որ «արդար և կայուն կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի ՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա»:
Ասել է թե՝ միջազգային միջնորդները Երևանին և Բաքվին կրկին կոչ են արել փոխզիջման գնալ վերոնշյալ սկզբունքների հիման վրա։
Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ կողմերի դիրքորոշումները դեռևս տրամագծորեն հակառակ են, և բանակցային գործընթացը մեռյալ կետից շարժելու կոնկրետ քայլեր չկան։ Բացի այդ, Բաքուն, ըստ ամենայնի, փոխզիջման գնալու հատուկ ցանկություն չունի։ Սլովակիայի մայրաքաղաքում Մամեդյարովն ուղղակիորեն հայտարարել է, որ «կարգավորումը պետք է լինի միայն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» շրջանակներում, իսկ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում»:
Մինչդեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով նախարարական հանդիպման արդյունքները, նշել է. «Հայկական կողմը դեռ չի ստացել պարզաբանումներ «Մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ, որոնց մասին խոսվել է մի քանի ամիս առաջ: Մեզ համար կարևոր է ունենալ ընդհանուր պատկերացում այն մասին, թե ինչպես պետք է կարգավորել հակամարտությունը»:
Այսպիսով, Հայաստանում իշխանափոխությունից հետո վերջին մեկուկես տարվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները մինչ օրս ըստ էության չեն ընթանում, քանի որ պաշտոնական Երևանը լուրջ հարցեր ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ, իսկ Բաքուն այդպես էլ չշեղվեց իր կոշտ դիրքորոշումից: Հետևաբար, չի կարելի լուրջ բեկում ակնկալել նաև Բրատիսլավայի հանդիպումից հետո։
Բնական հարց է ծագում. «Ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում են հնարավոր առարկայական բանակցություններ։ Եվ ընդհանրապես, հնարավո՞ր են դրանք»։
Ամենայն հավանականությամբ, դա կարող է տեղի ունենալ 2020 թվականի գարնանից ոչ շուտ՝ Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրություններից և Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններից հետո։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







