Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է փակել Ինջիրլիկ և Քյուրեջիկ բազաները ամերիկյան զինվորականների համար` ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների և 1915թ. Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ Սենատի բանաձևի: Մինչդեռ Թուրքիայի Արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն չի բացառում, որ թուրքական Հակաօդային ուժերը կարող են համալրվել ռուսական ռազմական Су-35 ինքնաթիռներով, եթե Վաշինգտոնը խստորեն հայտարարի Անկարային F-35 կործանիչներ չտրամադրելու մասին:
Նման դեպքում վերջին շրջանում առանց այդ էլ լիովին սառած թուրք-ամերիկյան հարաբերությունները կայծակնային արագությամբ վատանում են: Ընդ որում խոսքը գնում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև լրջագույն աշխարհաքաղաքական հակասությունների մասին: Մասնավորապես, ԱՄՆ-ին խիստ զայրացնում են Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում քրդական ջոկատների դեմ, որոնք մինչև վերջերս ֆինանսական աջակցություն էին ստանում ԱՄՆ-ի կողմից:
Նաև ամերիկացիները խիստ դժգոհ են Անկարայի կողմից 2,5 մլրդ դոլար արժողության ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերումից: Ընդ որում Էրդողանը Թրամփի հետ չի գնացել 100 մլրդ դոլարի դիմաց դրանից հրաժարվելու գործարքի:
Եվ ընդհանրապես ռուս-թուրքական աշխարհաքաղաքական մերձեցումը իրապես անհանգստացնում է Վաշինգտոնին: Մոսկվան և Անկարան, ըստ էության, առանց ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի, վճռում են սիրիական հարցը, իսկ ռուս-թուրքական ռազմավարական «Թուրքական հոսք» գազամուղը լրջորեն խանգարում է ԱՄՆ-ի` Եվրամիությանը իր գազը գնելուն հարկադրելու մտադրություններին:
Կարելի է խոսել նաև այլ խոշոր համատեղ բազմամիլիարդ էներգետիկ նախագծերի մասին, այդ թվում Մոսկվայի կողմից Թուրքիայում առաջին` «Ակկույու» ատոմակայանի կառուցման մասին:
Բացի այդ ի տարբերություն ՆԱՏՕ-ի մյուս երկրների` Թուրքիան լիովին ինքնաբավ երկիր է, որը լիովին կարող է ապահովել իր անվտանգությունը սեփական ուժերով` դա հատկապես չհամաձայնեցնելով ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգների հետ:
Վաշինգտոնն, անխոս, գիտակցում է Թուրքիայի և, մասնավորապես, նրա տարածքում տեղակայված ռազմաբազաների ռազմավարական նշանակությունը: Այդ պատճառով էլ մեկնաբանելով ամերիկյան զորքերի համար բազաները փակելու Անկարայի սպառնալիքը` Պենտագոնի ներկայացուցիչը պնդում է. «Մենք Թուրքիայում մեր ուժերի կարգավիճակը դիտարկում ենք որպես մեր երկարամյա համագործակցությանը և ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի և ռազմավարական գործընկերոջ պաշտպանությանը հակվածության խորհրդանիշ»:
Նա նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը ձգտում է լավ հարաբերություններ պահպանել` կոչ անելով Թուրքիային առավել կառուցողական քաղաքականություն վարել C-400 համալիրի և տարաձայնությունների այլ ոլորտների հարցում:
Այնուամենայնիվ Անկարան ինքն է որոշում, թե ում հետ և ինչ խորության համագործակցել ռազմա-ռազմավարական և տնտեսական ոլորտներում: Տվյալ փուլում Թուրքիան որոշ չափով հեռացել է Վաշինգտոնից և ՆԱՏՕ-ից և մերձեցել Ռուսաստանի հետ: Ընդ որում նրանք ազդեցիկ խաղացողներ են եվրասիական աշխարհաքաղաքական հարթակում, որոնց շահերը ոչ միայն հատվում են, այլև որոշ հարևան տարածաշրջաններում բախվում: Այս առումով կարելի է բերել Հարավային Կովկասի օրինակը: Այդ պատճառով էլ դժվար է ասել, թե որքան երկար կտևի նրանց համագործակցությունը: Ժամանակակից արագորեն փոփոխվոող աշխարհում դժվար է ինչ-որ բան միանշանակ կանխատեսել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







