Վրաստանը ներդրողների է փնտրում Սև ծովի ծանծաղուտում ածխաջրածինների մշակման և արդյունահանման համար։ Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ նավթի և գազի պետական գործակալությունը (SAOG) Սև ծովի ափամերձ ծանծաղուտում նավթի և գազի պաշարների օգտագործման գլխավոր լիցենզիայի միջազգային բաց հայտամրցույթ էր հայտարարել։ Խոսքը վերաբերում է Վրաստանի ափերի մերձակայքում 5,3 հազար քառակուսի կիլոմետր և 3,5 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով երկու տեղամասերին։ Հայտերի ընդունումը կավարտվի այս տարվա ապրիլի 20-ին։
SAOG գործառնական դեպարտամենտի պետ Վաժա Միքելաձեի խոսքով՝ «սա անկախ Վրաստանի պատմության մեջ մեր տարածքային ջրերում նավթի և գազի հետախուզման համար առաջին մրցույթն է»: Նա նաև պնդում է, որ մրցույթին մասնակցելու բանավոր շահագրգռվածությունը հաստատել են ամերիկյան, բրիտանական և իսպանական հայտնի ընկերությունները:
Վրաստանի տարածքում նավթի հեռանկարային օպտիմալ պաշարները գնահատվում են 913 մլն տոննա, իսկ լավատեսականը՝ 4 մլրդ տոննա։ Նշենք, որ 2018 թվականին Վրաստանում արդյունահանվել է ավելի քան 30 հազար տոննա նավթ և 16,5 միլիոն խորանարդ մետր գազ: Վրաստանը տարեկան միջին հաշվով սպառում է շուրջ 1,2 միլիոն տոննա նավթամթերք և շուրջ 2,5 միլիարդ խորանարդ մետր գազ: Ածխաջարածինները (նավթը և գազը) հիմանականում ներմուծվում են Ադրբեջանից, Ռուսաստանից, Ռումինիայից և Բուլղարիայից։ Մասնավորապես, Թբիլիսին գազի ոլորտում գրեթե ամբողջությամբ կախված է Ադրբեջանի մատակարարումներից (92,7 տոկոս)։ Իսկ Բաքվի շատ քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ ուղղակի ասում են, որ Ադրբեջանն անմիջականորեն ապահովում է Վրաստանի էներգետիկ անվտանգությունը։
Բնական է, որ աշխարհում ոչ մի պետություն չի ցանկանա, որ իր էներգետիկ անվտանգությունը տրվի այլ երկրի։ Տվյալ դեպքում՝ Ադրբեջանին։ Վերջերս, վերլուծելով ստեղծված իրավիճակը, մենք նշել էինք․
«Վրաստանին հազիվ թե հաջողվի տեսանելի հեռանկարում դիվերսիֆիկացնել զգալի ծավալներով այլ երկրներից գազի ներմուծումը։ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ կոնկրետ գործողություններն այդ ուղղությամբ անհրաժեշտ են, որպեսզի պաշտպանեն իրենց քաղաքական, տնտեսական և, ի վերջո, աշխարհաքաղաքական ռիսկերից»։
Թբիլիսին ոչ միայն մտածում է այդ խնդրի լուծման մասին, այլև, ինչպես ակնհայտ է, կոնկրետ քայլեր է ձեռնարկում։ Մասնավորապես, այլընտրանքներ է փնտրում։ Եվ, ըստ ամենայնի, Սև ծովի վրացական հատվածում նավթի և գազի ներուժի հետազոտությունները դրական արդյունքներ են տալիս։ Մասնավորապես, դրանով զբաղվում է աշխարհի խոշորագույն նավթային ընկերություններից մեկը՝ ամերիկյան Exxon Mobil-ը։
Հայտնի է, որ այս կամ այն պետության անկախությունն ու նրա ազգային շահերն ուղղակիորեն կապված են էներգետիկ անվտանգության հետ։ Եվ նավթի ու գազի բավարար պաշարներ ունեցող երկրները կարող են ապահովել իրենց էներգաանվտանգությունը և, որպես հետևանք, էներգաանկախությունը։
Թվում է, որ այդ պատճառով է Վրաստանը վերջին երկու տասնամյակում ինտենսիվ երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում Սև ծովի ջրատարածքում նավթի և գազի որոնման ուղղությամբ։ Եվ արդյունքում, հասնում է դրական արդյունքների։
Այսպիսով, այդ երկիրը ոչ միայն տարանցիկ միջանցք է ադրբեջանական նավթի համար, այլ արդեն մոտ ապագայում կարող է ինքը դառնալ արդյունահանող տարածաշրջան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







