ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ շուտով Հայաստանը կստանա ռուսական արտադրության Սու–30ՍՄ ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչների նոր խմբաքանակ։Ակնկալվում է, որ Հայաստան կտեղափոխվեն 8 նման կործանիչներ: 2019 թ–ին Հայաստանը Ռուսաստանից արդեն գնել էր չորս այդպիսի կործանիչ և ՏՈՐ-Մ2ԿՄ զենիթահրթիռային համալիրներ։
Հայտնի է, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի համար իր անվտանգության ապահովման առանցքային գործոն է։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և ռուս-հայկական ռազմավարական դաշնակցության շրջանակներում արտոնյալ պայմաններով նորագույն ռազմական տեխնիկայի գնման հնարավորությունը Երևանի կողմից Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռության պահպանման հիմնական գործոնն է: Այնուամենայնիվ, հայկական բանակի վերազինումն այլ նպատակներ ունի, ինչն, ի դեպ, մտնում է Գյումրիում ռուսական ռազմակայանի ամրապնդման գործընթացների տրամաբանության մեջ։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա աշնանը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ ռազմաբազա այցելությունից հետո հայտնի էր դարձել, որ նրա հզորությունը կրկնակի կավելանա սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր և արդիականացված նմուշներ ստանալուց հետո:
Այսօր Հարավային Կովկասում Մոսկվան ռազմավարական և աշխարհաքաղաքական խնդիրներ է լուծում։ Ստորագրված երկկողմ փաստաթղթերի համաձայն՝ 102-րդ ռուսական ռազմակայանի հայկական տարածքում տեղակայումը և Հայաստանի արտաքին սահմանների համատեղ պահպանությունը հայ և ռուս սահմանապահների կողմից տարածաշրջանում կայունության պահպանման որոշիչ գործոններն են:
Դրա համար էլ ռուսական ռազմական ներկայությունը երկրում պետք է դիտարկել ոչ միայն Հայաստանի անվտանգության տեսանկյունից, այլ և ավելի ընդհանուր՝ տարածաշրջանային զարգացումների համատեքստում։ Դա հատկապես արդիական է վերջին տարիներին, հատկապես Սիրիայում Մոսկվայի ռազմական գործողության սկսվելուց հետո, երբ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքում կտրուկ ակտիվացավ։
Ինչպես ակնհայտ է, պաշտպանության ոլորտում ռուս-հայկական փոխգործակցության խորացումը կշարունակվի Մերձավոր Արևելքի և նրա շուրջ ընթացող վերաձևակերպման գործընթացին զուգահեռ, որտեղ Մոսկվան կարևորագույն աշխարհաքաղաքական խաղացողներից մեկն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







