Վերջին օրերին հայ և ամերիկացի պաշտոնյաները շատ սերտ կապի մեջ են միմյանց հետ ռազմական ոլորտում համագործակցության հարցով։ Երևանում հունվարի վերջին այցի շրջանակներւմ գտնվող Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լի Թաֆանելիի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի Կառավարությունը հետաքրքրված է երկկողմ համագործակցության մակարդակի բարձրացմամբ, մասնավորապես պաշտպանության ոլորտում։
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ վերջին տարիներին Միացյալ Նահանգների հետ հաստատվել է ամուր գործընկերային երկխոսություն, և Հայաստանը պատրաստ է շարունակելու իր ջանքերը՝ երկու ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդման և բարգավաճման համար։
Այդ նույն օրերին Վաշինգտոնում Հայոց բանակի օրվա տոնակատարության առիթով Հայաստանի դեսպանությունում ելույթ ունենալիս Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով Պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Լորա Կուպերը նշել է, որ «Մեր Զինված ուժերի միջև ակտիվորեն զարգացող համագործակցությունը իսկական ոգեշնչում է»։ Այդ նույն միջոցառմանը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը հայտարարել է․ «Հայաստանի և ԱՄՆ-ի միջև անցյալ տարի սկսված ռազմավարական երկխոսությունը հարթակ է ստեղծում համապարփակ բանակցությունների համար, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում»։
Թվում է, թե պաշտոնյաների նման հայտարարությունները տուրք են դիվանագիտական արձանագրությանը՝ հաշվի առնելով, որ Երևանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները, լավագույն դեպքում, գտնվում են երկկողմ օրակարգի ձավորման շփման կետերի փնտրտուքի մակարդակում։ Հայաստանում իշխանափոխությունից հետո շուրջ մեկուկես տարվա ընթացքում բացակայում է հստակ երկխոսությունը փոխգործակցության ամբողջ սպեկտրի՝ մասնավորապես քաղաքական և առևտրատնտեսական զարգացման վերաբերյալ։
Մինչ այժմ այդպես էլ չեն կայացել պաշտոնական հանդիպումներ պետությունների առաջնորդների, ինչպես նաև արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակով։ Նման պարագայում հազիվ թե կարելի լինի լրջորեն ընդունել Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցչի լավատեսությունը, որը «ոգեշնչված է» երկու երկրների զինված ուժերի ակտիվ համագործակցությամբ։ Լավագույն դեպքում խոսքը գնում է ԱՄՆ եվրոպական հրամանատարության հովանու ներքո գործող տարբեր խաղաղարար առաքելություններում և բազմազգ զինավարժություններում մասնակցության մասին։
Կարելի է նաև թվարկել Պենտագոնի աջակցությունը ռազմական բժշկության և կադրերի մարտավարական վերապատրաստման ոլորտում, ինչպես նաև Տարածաշրջանային գործընկերության նախագծի շրջանակներում Կանզաս նահանգի հետ հայկական կողմի համագործակցությունը։ Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև փոխազդեցության ոչ այնքան բարձր մակարդակը լիովին հասկանալի է։ Հայաստանը Ռուսաստանի ռաազմավարական դաշնակիցն է, ինչպես նաև Երևանը Մոկսվայի հովանու ներքո գործող ռազմաքաղաքական միության՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակտիվ մասնակից է։ Այդ պատճառով էլ լիովին բնական է, որ Հայաստանն այսօր չի կարող լինել Վաշինգտոնի աշխարհաքաղաքական առաջնահերթությունների ցանկում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







