Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունն արդեն իսկ տոնում է հաղթանակը։ Չնայած նրան, որ դեռևս վերջնական արդյունքները չկան, և՛ էկզիթփոլերը, և՛ նախնական տվյալները վկայում են, որ իշխող ուժն իր դիրքերում է մնում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, Armenia Today-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ խոսելով փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։
Ադրբեջագետի խոսքով՝ Միլի մեջլիսի արտահերթ ընտրությունները, ընդհանուր առմամբ, չի նպաստի ընդդիմության դիրքերի ամրապնդմանը՝ չնայած ընդդիմությունից հետաքրքիր դեմքեր, ըստ ամենայնի, կանցնեն խորհրդարան։
«Կարծում եմ՝ ադրբեջանական իշխանությունները թույլ կտան ընդդիմության որոշ առանցքային դեմքեր հայտնվեն մեջլիսում, որպեսզի ստեղծեն ժողովրդավարության իմիտացիա»,- ասաց Էլիբեգովան՝ հավելելով, որ կա ակնկալիք, որ ընտրությունների արդյունքնում Ադրբեջանի խորհրդարանում կհայտնվեն ավելի երիտասարդ, պատրասատված և կոմպետենտ կադրեր։
Ադրբեջանում տեղի ունեցած ընտրություններն ուղեկցվել են ճնշումներով, լուրջ խախտումներով, լցոնումներով, նույնիսկ արձանագրվել է երկու վստահված անձի մահ։ Հարցին՝ արդյոք միջազգային արձագանքից ակնկալել լուրջ հետևանքներ՝ Անժելա Էլիբեգովան նշեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ այս ընտրությունների վերաբերյալ միջազգային արձագանքը, ըստ ամենային, լուրջ հետևանքներ չի ունենա Ադրբեջանի համար։
«Ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացրել 800-ից ավել դիտորդներ, որոնք հիմնականում ունեն ադրբեջանամետ դիրքորոշում կամ ադրբեջանական լոբբիի ներկայացուցիչներ են։
Դիտորդները հիմնականում գովեստի խոսքեր են ասել ընտրությունների ընթացքի մասին՝ «չնկատելով» տեղի ունեցած ընտրախախտումները»,- ասաց ադրբեջանագետը։
Հարցին, թե ի՞նչ զարգացումներ ակնկալել Արցախյան հակամարտության կարգավորման մասով՝ Էլիբեգովան նշեց, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում լուրջ ակտիվություն պետք չէ ակնկալել, քանի որ կլինեն և՛ արդյունքների բողոքարկում, և՛ միջազգային զեկույցներ խախտումների մասին։
«Կարծում եմ, տարբեր կազմակերպություններում ադրբեջանական պատվիրակությունները կամրապնդեն դիրքերը, ամենայն հավանականությամբ ադրբեջանական պատվիրակությունները երիտասարդ կադրերով կհամալրվեն և հնարավոր է, նրանք աշխատելաոճը փոխեն և այս համատեքստում հայկական կողմը պետք է լինի ավելի ուշադիր և զգոն»,- ասաց ադրբեջանագետը։
Էլիբեգովայի խոսքով՝ բանակցային գործընթացքում ակտիվացում կարելի է ակնկալել Արցախում կայանալիք ընտրություններից հետո։
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ ընտրությունները երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նշանակվել էին անցյալ տարվա վերջին՝ խորհրդարանի ինքնալուծարումից հետո։
Միապալատ խորհրդարանում 125 տեղի համար հավակնում էր 1314 թեկնածու։ Ընտրություններին հավատարմագրվել էր 59 միջազգային կազմակերպություն ներկայացնող 883 դիտորդ։
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ներկայացուցիչներն արդեն հանդես են եկել հայտարարությամբ՝ արձանագրելով Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ ընտրություններում իրական մրցակցության բացակայությունը՝ չնայած մեծ թվով թեկնածուներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







