Նյու Յորքում կբացվի Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսըՊոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը սեպտեմբերի 23-ին կբացվի Նյու Յորքում։ Ցուցահանդեսում ներկայացված կլինեն 1950-ականներին լուսանկարչի արած լուսանկարները։ Ընգրկված են նաև այլ աշխարհահռչակ գործեր` Դասթին Հոֆմանի, Ֆեդերիկո Ֆելինիի, Պաբլո Պիկասոյի, Սալվադոր Դալիի, Բրիջիտ Բարդոյի, Սոֆի Լորենի լուսանկարները։
Ցուցադրությունը կազմակերպվում է Թուրքիայի նախագահականի նախաձեռնությամբ, Արա Գյուլերի թանգարանի, արխիվի ու հետազոտական կենտրոնի հետ համագործակցությամբ։
Հիշեցնենք, որ այս տարի` ապրիլին, Արա Գյուլերի գործերի ցուցահանդես բացվել էր նաև Լոնդոնում, մայիսին՝ Փարիզում, հունիսին՝ Ճապոնիայում։ Այս մասին հայտնում է Ermenihaber կայքը։
Հայկական արմատներով հանրահայտ լուսանկարչի աշխատանքների ցուցադրությունները չեն վրիպում այնպիսի առաջատար լրատվամիջոցների դիտակետից, ինչպիսիք են «The Times»-ը, «Daily Mail»-ը, «Le Figaro»-ն։
Արա Գյուլերի ստեղծագործությունների նյույորքյան ցուցադրությունը կգործի սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում։ Նյու Յուրքից հետո նախատեսվում է ցուցադրություններ կազմակերպել նաև Հռոմում, իսկ այնուհետև Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գտնվող Թուրքիայի դեսպանատանը։
Այս ցուցահանդեսները հովանավորվում են թուրքական «Halkbank» և «Ziraat» բանկերի, «Sabah» և «Daily Mail» պարբերականների և «Թուրքական ավիաուղիներ» (THY) ավիաընկերության կողմից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







