Արդեն ավանդույթ է դարձել տարբեր մասնագիտություններով ուսանողների փորձուսուցման կազմակերպումը երկրի օրենսդիր մարմնում: Հոկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի (ՄՄՀ) «Կովկասագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներին, որոնք այս օրերին փորձուսուցում են անցնում խորհրդարանում: Աշոտ Ղուլյանը շեշտել է կովկասագիտություն մասնագիտության կարևորությունն ու կիրառական նշանակությունը և հորդորել ուսանողներին ամենօրյա աշխատանքով կատարելագործել գիտելիքները:
Հանդիպման ընթացքում Աշոտ Ղուլյանն ուսանողներին է ներկայացրել պետական կառավարման համակարգում օրենսդիր մարմնի դերը, խորհրդարանի առօրյա գործունեությունը և Սահմանադրությամբ Ազգային ժողովին վերապահված լիազորությունները:
Պատասխանելով ուսանողների հարցերին՝ խորհրդարանի ղեկավարը անդրադարձել է կրթական ժամանակակից հնարավորություններին և դրանք Արցախի կրթական համակարգի զարգացման համար օգտագործելու անհրաժեշտությանը, հանրապետությունում սպասվող ընտրական գործընթացներին, հանրության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ աշխատանքներին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաների:
Հանդիպմանը մասնակցել է ՄՄՀ պրոռեկտոր Ղարիբ Բաբայանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







