Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի ուղեկցությամբ ճանաչողական այց է կատարել առողջապահության նախարարություն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունից։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու Էլիավ Բելոցերկովսկին քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները, առողջապահության ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորություններն , այդ թվում Իսրայելի փորձի փոխանակման հնարավորությունները։
Կողմերը քննարկել են նաև երեխաների վերականգնման ոլորտում համագործակցության, Իսրայելում ուսուցման ֆինանսավորման աղբյուրների և արտակարգ իրավիճակների զանգվածային դեպքերի համար համատեղ ծրագրեր սկսելու վերաբերյալ հարցեր:
Արսեն Թորոսյանը նշել է, որ ծրագրերի համատեղ իրագործումը նշված ուղղություններով մեծապես կնպաստի Հայաստանի առողջապահության բնագավառի զարգացմանը և կօգնի ստեղծել փոխշահավետ համագործակցային կապեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







