Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում օրենսդրորեն ամրագրվել է բնակչության որոշ խմբերի անպտղության բուժման նպատակով կիրառվող անպտղության պատճառագիտության հետազոտումն ու բուժումը, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների տրամադրման կարգն ու պայմանները։
Նախագիծը սահմանում է անպտղության բուժման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հետազոտությունների և բուժման, այդ թվում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման, բժշկական օգնության և սպասարկման ծավալները։ Բացի այդ, սահմանվում է այն շահառուների խումբը, ովքեր այս ծառայություններից օգտվելու իրավունք կունենան։
Նախագծով սահմանվում է նաև պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման, բժշկական օգնության և սպասարկման նպատակով շահառուների հերթագրման կարգը։
Ծրագրի շահառուների հերթագրման միասնական էլեկտրոնային համակարգ է ներդրվելու։
Այս որոշմամբ ակնկալվում է բարելավել անպտղությամբ տառապող զույգերի իրավունքների իրացումը, սահմանել մեխանիզմներ՝ բնակչության որոշ խմբերի անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների տրամադրման ու իրականացման համար, վերարտադրողական առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







