Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 19-ին հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային: Այս մասին հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հնգամյա ծրագիրը և առողջապահության նախարարության հետ հետագա համագործակցության ուղղությունները:
«Մոր և մանկան առողջությունը մշտապես գերակա նշանակություն է ունեցել Հայաստանի համար: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ջանքերը միշտ էլ կարևոր են եղել մեզ համար: Միջազգային աջակցությունը մոր և մանկան առողջության պահպանման բարելավմանն ուղղված ծանրակշիռ գործոններից մեկն է եղել»,- ասել է Արսեն Թորոսյանը:
Կողմերը քննարկել են շարունակական համագործակցության շրջանակների ընդլայնումը մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում: Առաջարկվել է համախմբել երեխաների և դեռահասների առողջությանն ուղղված ծրագրերը, համագործակցել վաղ տարիքի երեխաների և դեռահասների սնուցման, նրանց հոգեկան առողջության պահպանման, մանկական տրավմատիզմի և հաշմանդամության վաղ հայտնաբերման, նաև նորածնային մահացության նվազեցման և պատվաստումների խթանման ուղղություններով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







