Դատարանը որոշել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից (ԿԸՀ) պահանջել ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի մասնակցության վերաբերյալ տեղեկություններ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ նրա հայցի քննության շրջանակում, հայտնում է Armenia Today-ի թղթակիցը նոյեմբերի 24-ի դատական նիստից։
Հովսեփյանը դատարանում վիճարկում է Փաշինյանի այն հայտարարությունը, թե ընդդիմությունը ձայները ստացել է ընտրակաշառքի միջոցով։
Դատարանը մերժել է Հովսեփյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ վերացնել ընտրություններին մասնակցելու և ընդդիմադիր ուժի օգտին քվեարկելու փաստն ապացուցելու պարտականությունը։ Ներկայացուցիչը հիմնավորել էր, որ գաղտնի քվեարկության պայմաններում ուղղակի ապացույց ներկայացնելն անհնար է։
Դատարանն արձանագրել է, որ գործի քննության համար անհրաժեշտ է պարզել՝ արդյոք Փաշինյանի հայտարարությունը վերաբերել է նաև անձամբ Հովսեփյանին։ Այդ նպատակով հայցվորը պետք է ուղղակի կամ անուղղակի ապացույցներ ներկայացնի ընտրություններին մասնակցելու և ընդդիմադիր որևէ քաղաքական ուժի օգտին քվեարկելու վերաբերյալ։
Հովսեփյանը կասկած է հայտնել դատարանի պահանջի նպատակահարմարության վերաբերյալ։
«Ես չեմ հասկանում՝ սա փակուղի տանելու մի ձև է, թե գործը կարճելու ինչ-որ տակտիկական քայլ է։ Եթե անգամ ես թաքուն նկարահանած լինեի իմ ընտրությունները, թե ինչ քվեաթերթիկ եմ տալիս և այլն, սա էլ է օրենքով խախտում։ Եթե անգամ ունենայի այդ ապացույցը, դա ներկայացնելու դեպքում էլ ես կունենայի խնդիր։ Ու դատարանը շատ լավ հասկանում է»,- ասել է Հովսեփյանը։
Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն իր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ քվեարկության գաղտնիության սկզբունքից ելնելով չի կարող տրամադրել տեղեկություններ այն մասին, թե ում օգտին է նա քվեարկել։ Ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո քվեարկության մասնակիցների ցուցակները հանձնվել են արխիվ։
Հովսեփյանի խոսքով՝ նման պահանջը կարող է քաղաքացիներին դրդել խախտել քվեարկության գաղտնիությունը՝ հետագայում դատական գործընթացներում ապացույցներ ունենալու նպատակով։ Նա ընդգծել է, որ նույնիսկ քվեարկության տեսագրություն ունենալու դեպքում դրա ներկայացումն իր համար իրավական խնդիրներ կառաջացներ, քանի որ քվեարկության նկարահանումն օրենքի խախտում է։
Հայցվոր կողմը որպես անուղղակի ապացույց ներկայացրել է Հովսեփյանի՝ 2018 թվականից ծավալած ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործունեության վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև նրա նկատմամբ հարուցված քրեական վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճելու մասին որոշումը։ Հովսեփյանի խոսքով՝ վարույթը հարուցվել էր ընտրությունների նախաշեմին և կարճվել է մոտ մեկ ամիս առաջ։ Նա կարծում է, որ դատարանին ներկայացված նյութերը բավարար են անուղղակիորեն հաստատելու համար, որ ինքը քվեարկել է ընդդիմության օգտին։
Փաշինյանի ներկայացուցիչն իր հերթին պնդել է, որ վարչապետի՝ ընդդիմադիր ուժերի ձայների 100 և 70 տոկոսն ընտրակաշառքով ստանալու վերաբերյալ հայտարարությունները քաղաքական գնահատականներ են, այլ ոչ թե փաստական տեղեկություններ։
Այս դիրքորոշումը հիմնավորելու համար նա դատարանին է ներկայացրել Ազգային ժողովի նիստի սղագրությունը, ընտրակաշառքի դեպքերի մասին Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակումը, ինչպես նաև լրագրողների հարցերին Փաշինյանի պատասխանների տեսագրությունը։
Հովսեփյանի ներկայացուցիչը հակադարձել է, որ ընտրակաշառքի վերաբերյալ շուրջ 150 քրեական վարույթների առկայությունը բավարար հիմք չէ ընդդիմադիր ուժերի բոլոր ընտրողներին ընտրակաշառքով քվեարկելու մեջ մեղադրելու համար։
Փաստաբանը դատարանի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ Փաշինյանը սկզբում խոսել է ընդդիմության ընտրողների 100 տոկոսի, իսկ մի քանի օր անց՝ 70 տոկոսի մասին։ Նրա խոսքով՝ վարչապետը մնացած 30 տոկոսից ներողություն չի խնդրել։
Դատարանը գործին է կցել կողմերի ներկայացրած ապացույցները և պահպանել է գործի քննության նախապատրաստական փուլը՝ մինչև ընտրություններին Հովսեփյանի մասնակցության վերաբերյալ պահանջված տեղեկությունների ստացումը։ Հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 22-ին։
Հովսեփյանը հուլիսին հայց էր ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել այն տեղեկությունները, որոնք, իր կարծիքով, արատավորում են իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը։
Փաշինյանն իր հերթին հուլիսի 11-ին հայց էր ներկայացրել Հովսեփյանի դեմ՝ պահանջելով հրապարակային ներողություն, խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու մասին նրա հայտարարությունների հերքում և վիրավորանքի ու զրպարտության համար 6 մլն դրամ փոխհատուցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







