Դատարանը մեղմացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու՝ կալանավայրում մահացած Արսեն Գևորգյանի գործով անցնող 3 անձի խափանման միջոցները, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից։
Դատավոր Վարդգես Սարգսյանի՝ նոյեմբերի 19-ի որոշումից տեղեկանում ենք, որ մերժվել է դատախազության՝ նրանց խափանման միջոցները երկարաձգելու միջնորդությունը։
Մասնավորապես, տնային կալանքի տակ գտնվող Անի Քոչարյանի և Մայիս Ասուլյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառել է վարչական հսկողությունը, իսկ կալանավորված Ապավեն Վարդանյանի նկատմամբ՝ վարչական հսկողությունը՝ համակցված բացակայելու արգելքի հետ։
Քոչարյանի նկատմամբ տնային կալանք էին կիրառել ենթադրյալ ընտրակաշառք տալուն օժանդակելու, Ասուլյանին՝ ենթադրյալ ընտրակաշառք ստանալու կասկածով։ Վարդանյանին կալանավորել էին ենթադրյալ ընտրակաշառք տալուն օժանդակելու և ընտրակաշառք ստանալու կասկածով։
Գործով անցնում է 14 անձ, որոնց թվում էր նաև հանգուցյալ Գևորգյանը։ Ըստ Datalex դատական տեղեկատվական համակարգի տվյալների և նոյեմբերի 19-ի դատական որոշումների՝ գործով կալանքի տակ է մնում չորս անձ։ Բացի Քոչարյանից, Ասուլյանից և Վարդանյանից՝ ևս վեց անձի նկատմամբ կիրառված են այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում՝ տնային կալանք, վարչական հսկողություն և բացակայելու արգելք։
Հակակոռուպցիոն կոմիտեն հոկտեմբերի 21-ին հայտնել էր Ստեփանավանում ենթադրյալ ընտրակաշառքի գործով 14 անձի, այդ թվում՝ Գևորգյանի ձերբակալության մասին։ Նույն օրը դատարանը Գևորգյանին երկու ամսով կալանավորել էր։ Նա չէր ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քրեական հետապնդումը քաղաքական էր որակել։
Գևորգյանը նոյեմբերի 10-ին մահացել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել էր, որ Գևորգյանի մոտ սրտի կանգ էր արձանագրվել։ Մահվան դեպքով Քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել և դատաբժշկական փորձաքննություն նշանակել։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Գևորգյանի մահվան պատասխանատվությունը վերագրել էր իշխանություններին՝ պնդելով, որ նրան կալանավորել էին քաղաքական դրդապատճառներով։ Ազգային օրակարգի շուրջ համախմբված 13 ընդդիմադիր ուժ նույնպես Գևորգյանի մահը համարել էին քաղաքական հետապնդումների հետևանք։
Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավոր Արամ Գրիգորյանը նոյեմբերի 11-ին ինքնաբացարկ էր հայտնել՝ վկայակոչելով իր անաչառության վերաբերյալ հնարավոր կասկածները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







