Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական և օգնական Մոհամմադ Մոխբերը «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի գործնական փուլի մեկնարկի ֆոնին հայտարարել է, որ Թեհրանը թույլ չի տա շրջանցել տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական շահերը։
««Կեղծ երթուղիները» երբեք չեն փոխարինի «իրական միջանցքներին»՝ անկախ նրանից՝ Իրանի հարավում են, թե հյուսիսում»,- X-ի իր էջում հայտարարել է նա։
Մոխբերը X-ի իր էջում TRIPP-ը դասել է այն երթուղիների շարքին, որոնք, իր գնահատմամբ, չեն կարող փոխարինել իրական տրանսպորտային միջանցքներին։
Նա զուգահեռներ է անցկացրել Իրանի հյուսիսում և հարավում իրականացվող նախագծերի միջև՝ հիշատակելով Հորմուզի նեղուցը։
«Տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական շահերը մեր կարմիր գիծն են, և մենք թույլ չենք տա շրջանցել դրանք։ Դասեր քաղեք Հորմուզի նեղուցից»,- գրել է Մոխբերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին հայտարարել էր TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկի և Սյունիքում շինարարության նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել էր ծրագրի մեկնարկը՝ ընդգծելով տարածաշրջանում բեռնափոխադրումների, էներգակիրների փոխադրման և ուղևորափոխադրումների նոր ուղիների ստեղծման նշանակությունը։
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ին նախագծի համար նախատեսված տարածքի մաքրման աշխատանքների նպատակով որոշել էր հատկացնել 16 մլն դրամ (մոտ 44 հազար դոլար)։
ԱԺ-ն նոյեմբերի 12-ին ընդունել էր TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման օրենսդրական փաթեթը, իսկ հոկտեմբերի 28-ին վավերացրել էր նախագծի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը։ Համատեղ ընկերության բաժնետոմսերի 74%-ը պատկանելու է ամերիկյան կողմին, 26%-ը՝ Հայաստանին։
TRIPP-ի շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ Նախագծով նախատեսվում է Հայաստանի Սյունիքի մարզով տրանսպորտային երթուղի ստեղծել՝ Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







