Սլովակիայում նոյեմբերի 17-ին վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարության հեռացման և երկրի եվրոպական ուղղության պահպանման կոչերով բողոքի ակցիաներ են անցկացվել։ Այս մասին գրում է Սլովակիայի TASR գործակալությունը։
Հանրահավաքում ելույթ ունեցած ընդդիմադիրները հայտարարել են իրավունքի գերակայությունը վերականգնելու, տնտեսությունը բարելավելու և եվրոպական համայնքում Սլովակիայի տեղն ամրապնդելու անհրաժեշտության մասին։ Նրանք մտադիր են 2027 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթել կառավարող կոալիցիային։
Բրատիսլավայի կենտրոնում, կազմակերպիչների գնահատմամբ, հավաքվել է 25 հազար մարդ։ Associated Press գործակալության (AP) տվյալներով՝ ցույցեր են անցկացվել նաև երկրի տասնյակ այլ բնակավայրերում։
Մայրաքաղաքի հանրահավաքին մասնակցել են «Առաջադիմական Սլովակիա», «Ազատություն և համերաշխություն», Քրիստոնեադեմոկրատական շարժում և այլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ։
«Առաջադիմական Սլովակիայի» առաջնորդ Միխալ Շիմեչկան կառավարությանը մեղադրել է տնտեսությանը, իրավունքի գերակայությանը և երկրի միջազգային հեղինակությանը վնաս հասցնելու մեջ։
Ֆիցոն նույն օրը հրապարակած տեսաուղերձում հայտարարել է, որ լիովին հարգում է հավաքների ազատությունը։ Նա քաղաքական ուժերին կոչ է արել արդար մրցակցել՝ Սլովակիայի համար լավագույն լուծումներ առաջարկելով, և հույս հայտնել, որ ընդդիմությունը հավաքների իրավունքը չի օգտագործի ատելություն տարածելու համար։
Վարչապետի գնահատմամբ՝ իր կառավարության պաշտոնավարման ընթացքում չեն արձանագրվել մարդու իրավունքների կամ ժողովրդավարական մրցակցության կանոնների կոպիտ խախտումներ։
AP-ի տվյալներով՝ ընդդիմության դժգոհության պատճառներից մեկը Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը վերականգնելու կառավարության քայլերն են, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարի այցը Ռուսաստան։
Ռուսաստանի նկատմամբ կառավարության դիրքորոշումը քննադատել է «Դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Յարոսլավ Նադը։
Ֆիցոն նախկինում դադարեցրել էր Ուկրաինային ռազմական օգնությունը և դեմ արտահայտվել Ռուսաստանի նկատմամբ Եվրոպական միության (ԵՄ) պատժամիջոցներին ու Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) անդամակցությանը։
Ակցիաներն անցկացվել են Չեխոսլովակիայում կոմունիստական իշխանությանը վերջ դրած 1989 թվականի Թավշյա հեղափոխության տարեդարձին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






