Nvidia-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը հրաժարական է տվել՝ իր արտամուսնական հարաբերությունների շուրջ սկանդալից հետո, տեղեկանում ենք ընկերության պաշտոնական հայտարարությունից։
Ընկերության տնօրենների խորհուրդը որոշել է, որ 63-ամյա Հուանգն անհապաղ լքում է Nvidia-ի նախագահի, գլխավոր գործադիր տնօրենի և տնօրենների խորհրդի անդամի պաշտոնները։
Nvidia-ի ժամանակավոր ղեկավար է նշանակվել ընկերության գործադիր փոխնախագահ և ֆինանսական տնօրեն Քոլեթ Քրեսը։ Նա կղեկավարի ընկերությունը մինչև մշտական իրավահաջորդի նշանակումը՝ միաժամանակ շարունակելով կատարել ֆինանսական տնօրենի պարտականությունները։
Քրեսը Nvidia-ում աշխատում է 2013 թվականից։ Մինչ այդ նա շուրջ 25 տարի ֆինանսական ղեկավար պաշտոններ է զբաղեցրել տեխնոլոգիական ընկերություններում, այդ թվում՝ Cisco-ում և Microsoft-ում։
Ընկերության տնօրենների խորհուրդը հայտարարել է, որ սկսել է նոր գլխավոր գործադիր տնօրենի որոնումները՝ դիտարկելով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թեկնածուների։
Nvidia-ի պատմության մեջ առաջին անգամ նշանակվել է տնօրենների խորհրդի նախագահ։ Այդ պաշտոնը զբաղեցրել է Հարվի Ջոնսը։
Ջոնսի խոսքով՝ տնօրենների խորհուրդը լիովին վստահում է Քրեսին և ղեկավար թիմին ու ակնկալում, որ ընկերության գործունեությունը, հաճախորդների հանդեպ պարտավորությունները և արտադրանքի մշակման ծրագրերը կշարունակվեն առանց խափանումների։
Նոյեմբերի սկզբին լրատվամիջոցները տեղեկություններ էին հրապարակել Հուանգի և չինացի գործարար Էլիս Հուանգի ենթադրյալ սիրավեպի մասին։ Վերջինս Սինգապուրում գրանցված Megaspeed ընկերության հիմնադիրն է, որը Nvidia-ի չիպերի գնորդներից է։
The New York Times-ի տվյալներով՝ ԱՄՆ հատուկ ծառայությունները Էլիս Հուանգին կասկածում են չինական հետախուզության հետ համագործակցության մեջ։ Պեկինը հերքել է այդ մեղադրանքները։
Հրապարակումներից հետո Հուանգը հրապարակավ ընդունել էր ամուսնական անհավատարմության փաստը և ներողություն խնդրել կնոջից ու երեխաներից, սակայն չէր հայտնել այն կնոջ անունը, որի հետ հարաբերություններ էր ունեցել։
Ավելի ուշ The New York Times-ը, հղում անելով Nvidia-ի հինգ նախկին և գործող աշխատակիցների, հայտնել էր, որ Հուանգը հարաբերություններ է ունեցել նաև ընկերության առողջապահական ուղղության փոխնախագահ Քիմբերլի Փաուելի հետ, որն անմիջականորեն ենթարկվում էր նրան։
Reuters-ի տվյալներով՝ ներդրողները կոլեկտիվ հայց էին ներկայացրել Nvidia-ի և Հուանգի դեմ՝ մեղադրելով նրանց բաժնետերերից Megaspeed-ի ղեկավարի հետ Հուանգի կապերը թաքցնելու մեջ։
Նոյեմբերի 12-ին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Հուանգին պաշտոնանկ անելու հարցը։ Այդ տեղեկությունների ֆոնին ընկերության բաժնետոմսերը նվազել էին 10%-ով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իր հերթին, աջակցություն էր հայտնել Հուանգին և հանդես եկել նրա պաշտոնավարման շարունակության օգտին։
Հուանգը Nvidia-ն հիմնադրել է 1993 թվականին՝ Քրիս Մալախովսկու և Քերթիս Փրիեմի հետ։ Նա ընկերությունը ղեկավարել է հիմնադրման օրվանից՝ 33 տարի։
Nvidia-ի շուկայական կապիտալիզացիան կազմում է շուրջ 4,2 տրիլիոն դոլար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







