Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսով կալանավորել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին, Armenia Today-ին հայտնել է նրա փաստաբան Արմեն Ֆերոյանը։
Փաստաբանի խոսքով՝ պաշտպանական կողմը բողոքարկելու է որոշումը, քանի որ այն անհիմն է համարում։
Կալանավորման հարցով դատական նիստը շարունակվել է ամբողջ գիշեր։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Կարապետյանի կրկին կալանավորելը քաղաքական հետապնդում է համարում։ Կուսակցության գնահատմամբ՝ պետական կառույցները կատարում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգները, իսկ կալանավորման նպատակը սահմանադրական փոփոխությունների դեմ ընդդիմության պայքարը կանխելն է։
«Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից»,- ասվում է կուսակցության հայտարարությունում։
Կուսակցությունը պնդում է, որ Փաշինյանը փորձում է ընդդիմության նկատմամբ ճնշումների միջոցով հասնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջներին համապատասխան սահմանադրական փոփոխությունների ընդունմանը։ «Ուժեղ Հայաստանը» հայտարարել է, որ շարունակելու է պայքարել այդ փոփոխությունների դեմ։ Խորհրդարանական ըննդիմությունը դեմ է նոր Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելուն՝ դա համարելով Հայաստանի ազգային շահերին հակասող քայլ։ Ավելի ուշ մի շարք ընդդիմադիր ուժեր հայտարարել են 4 նպատակի, այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունների դեմ միասնական պայքարի և առաջիկայում իրենց գործողությունները համակարգելու մտադրության մասին։
Նոյեմբերի 4-ին Կարապետյանների և նրանց հետ կապվող անձանց հասցեներում իրականացված խուզարկություններից հետո Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր ՀԷՑ-ին առնչվող քրեական վարույթի շրջանակում։ Քննչական կոմիտեն հայտնել էր Կարապետյանի և ևս 35 անձի նկատմամբ քրեական հետապնդման մասին։
Քննության վարկածով՝ Կարապետյանի կազմակերպմամբ մի խումբ անձինք ենթադրաբար չարաշահել են իրենց լիազորությունները, հափշտակել ընկերության միջոցները և իրականացրել փողերի լվացում։ ՔԿ-ն ՀԷՑ-ին պատճառված վնասը գնահատել է ավելի քան 64,5 մլրդ դրամ։
Կարապետյանի ազատությունը սահմանափակված է 2025 թվականի հունիսի 18-ից։ Նա սկզբում կալանավորվել էր իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի հոդվածով, իսկ հետագայում նրան առաջադրվել էին նաև ֆինանսական հանցագործություններին առնչվող մեղադրանքներ։ Նախորդ քրեական գործով նրա կալանքը 2025 թվականի դեկտեմբերի 30-ին փոխարինվել էր տնային կալանքով և գրավով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







