Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+7°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 17:39

Գազի թանկացման վտանգը և «ապոկալիպտիկ» սցենարները․ ինչ են ասել պաշտոնյաները

Գազի թանկացման վտանգը և «ապոկալիպտիկ» սցենարները․ ինչ են ասել պաշտոնյաները

Հայաստանում գազի գինը 2027 թվականի հունվարի 1-ից դժվար թե բարձրանա, հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն էլ պարզաբանել է, որ ԿԲ-ն դիտարկում է նաև քիչ հավանական, բայց մեծ ազդեցություն ունեցող՝ այսպես կոչված «ապոկալիպտիկ» սցենարները և միջոցներ է ձեռնարկում հնարավոր ֆինանսական ցնցումների ռիսկերը զսպելու համար։

Պաշտոնյաները նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձել են գազի հնարավոր թանկացմանը, Հայաստանի տնտեսական հեռանկարներին և արտարժութային միջոցների ներհոսքի կրճատման ռիսկերին։ Ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Հովհաննիսյանը դրական սպասումներ ունի 2027-ից

Ֆինանսների նախարարին հարց են ուղղել Հայաստանի տնտեսության վերաբերյալ բացասական կանխատեսումների մասին՝ հիշատակելով հնարավոր դեֆոլտը, գազի թանկացումը, պետական պարտքի սպասարկման ծախսերի աճը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ չորս երկի ներկայացուցիչների պատրաստած զեկույցը։

Հովհաննիսյանը դրական է գնահատել 2027 թվականի տնտեսական հեռանկարները՝ միաժամանակ ընդունելով հնարավոր ռիսկերի առկայությունը։

Նրա խոսքով՝ կառավարությունն ունի պահուստային միջոցներ և ֆինանսական այլ հնարավորություններ՝ տնտեսական ցնցումներին արձագանքելու համար։

Անդրադառնալով գազի հնարավոր թանկացմանը՝ նախարարը հայտարարել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից գնի բարձրացումը քիչ հավանական է։

«Ես չգիտեմ՝ գազի գինը երբ կարող է բարձրանալ, որովհետև, եթե չեմ սխալվում, նաև պետք է նախօրոք դրա մասին տեղեկացվի։ Այսինքն՝ հունվարի 1-ից դժվար թե դա բարձրանա»,- ասել է Հովհաննիսյանը։

Նախարարն անդրադարձել է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների հնարավոր բացմանը։ Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է լուծել Հայաստանի տնտեսության համար կարևոր լոգիստիկ խնդիրներ։

Հովհաննիսյանը հավելել է, որ հաղորդակցությունների բացման հնարավոր դրական ազդեցությունը ներառված չէ 2027-ի պետական բյուջեի կանխատեսումներում։

Գալստյանը բացատրել է «ապոկալիպտիկ» սցենարների նշանակությունը

Գալստյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցերին, անդրադարձել է գազի հնարավոր թանկացմանը և ԿԲ-ի դիտարկած տնտեսական ռիսկերին։

Նա պարզաբանել է, որ 2024 թվականից ԿԲ-ն դրամավարկային քաղաքականությունն իրականացնում է ռիսկերի կառավարման մոտեցմամբ՝ շուկայի սպասումների հիման վրա գնահատելով տնտեսական զարգացումների տարբեր սցենարներ։

Գալստյանի խոսքով՝ այսպես կոչված «ապոկալիպտիկ» սցենարները քիչ հավանական, բայց մեծ ազդեցություն ունեցող զարգացումներն են։ Դրանք, նրա գնահատմամբ, չեն վերաբերում միայն գազի հնարավոր թանկացմանը։

ԿԲ նախագահը բացատրել է, որ բանկը գազի գնի բարձրացումը կանխելու գործիքներ չունի։

Եթե գազը թանկանա, ԿԲ-ն պետք է գնահատի, թե ներմուծման գնի փոփոխությունն ինչպես է ազդել վերջնական սպառողների, պետական սուբսիդիաների և տնտեսության տարբեր ճյուղերի վրա։

Այդ գնահատականների հիման վրա ԿԲ-ն կորոշի վերաֆինանսավորման տոկոսադրույքի այն մակարդակը, որը թույլ կտա գնաճը պահել սահմանված թիրախին համապատասխան։

Գալստյանը նաև անդրադարձել է ներքին պահանջարկի աճին, էներգակիրների և սննդամթերքի գների ազդեցությանը։ Նրա խոսքով՝ նման գործոնների համադրությունը կարող է մեծացնել գնաճային ռիսկերը, ինչին ԿԲ-ն արձագանքում է դրամավարկային քաղաքականության միջոցով։

ԿԲ-ն խստացրել է արտարժութային ներհոսքերի նկատմամբ պահանջները

Պատասխանելով Խաչատրյանի՝ Հայաստան մուտք գործող արտարժութային միջոցների կենտրոնացման և դրանց հնարավոր արտահոսքի վերաբերյալ հարցին՝ Գալստյանը հայտնել է, որ ԿԲ-ն խստացրել է բանկերի նկատմամբ համապատասխան պահանջները։

Նա պարզաբանել է, որ բանկի համար ռիսկերը տարբեր են, երբ նույն ծավալի միջոցները պատկանում են մեկ անձի կամ բազմաթիվ անձանց։

Եթե խոշոր գումարի հետևում կանգնած է մեկ անձ, դրա հնարավոր արտահոսքը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ բանկի իրացվելիության վրա։ ԿԲ-ի խստացրած պահանջները նպատակ ունեն ապահովելու, որ բանկերը նման իրավիճակներին դիմակայելու համար բավարար ֆինանսական բարձիկներ ունենան։

Գալստյանը նաև ընդգծել է, որ Հայաստան մուտք գործող բոլոր արտարժութային միջոցները չեն ուղղվում տնտեսության ֆինանսավորմանը։

Նրա խոսքով՝ այդ գումարների մի մասը բանկերը պետք է պահպանեն իրացվելի վիճակում, որպեսզի հնարավոր արտահոսքի դեպքում կարողանան կատարել իրենց պարտավորությունները։

ԿԲ նախագահը հայտնել է, որ բանկն արդեն կիրառում է մակրոպրուդենցիալ գործիքներ՝ ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված ռիսկերը զսպելու համար։ ԵԱՏՄ անդամ չորս երկրի ներկայացուցիչների պատրաստած զեկույցի հեղինակների հաշվարկներով՝ այդ սցենարի դեպքում Հայաստան ներմուծվող ռուսական գազի գինը կարող է 1000 խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարից բարձրանալ մինչև 300 դոլար՝ շուրջ 69%-ով։

Խոսքը գազի ներմուծման հաշվարկային գնի մասին է, ոչ թե Հայաստանի բնակչության համար հաստատված նոր սակագնի։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը դեռ ուսումնասիրում է զեկույցը։ Անդրադառնալով ռուսական գազի հնարավոր թանկացմանը՝ նա հարցականի տակ էր դրել նման միակողմանի քայլի համապատասխանությունը հայ-ռուսական գործընկերային հարաբերություններին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Անձնագիր՝ 24 ժամում․ որքան արժե արագացված ծառայությունըՆոյեմբերի 15
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+