Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է Ստամբուլի Շիշլի շրջանում գտնվող Հեյդար Ալիևի անվան զբոսայգուց Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնելու ծրագրերի մասին տեղեկությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությանն առընթեր Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարել է, որ Շիշլիի քաղաքապետարանը զբոսայգու տարածքում որևէ աշխատանք չի իրականացնում, և նման նախագիծ օրակարգում չկա։
«Սոցիալական ցանցերում տարածվող պնդումները չեն համապատասխանում իրականությանը»,- ասվում է կենտրոնի հայտարարության մեջ։
Գերատեսչությունը կոչ է արել չվստահել հրապարակումներին, որոնք, իր գնահատմամբ, նպատակ ունեն մոլորեցնել հանրությանը և խաթարել Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունները։
Կիսանդրին հեռացնելու հնարավորության մասին տեղեկությունները նոյեմբերի 3-ին X սոցիալական ցանցում տարածել էին ադրբեջանցի մի քանի բլոգերներ։ Դրանք հրապարակվել էին Անկարայի և Բաքվի հարաբերություններում տարաձայնությունների մասին տեղեկությունների ֆոնին։
Վերջին ամիսներին երկու երկրների միջև տարաձայնություններ են առաջացել մի շարք հարցերի շուրջ։ Սեպտեմբերին Ադրբեջանը փոխել էր պետական դպրոցներում աշակերտների արտաքին տեսքին վերաբերող կանոնները՝ արգելելով միասնական դպրոցական համազգեստի չափանիշներին կամ կրթության աշխարհիկ բնույթին չհամապատասխանող հագուստի տարրերը։
Որոշումը քննադատության էր արժանացել Թուրքիայում, այդ թվում՝ քաղաքական գործիչների կողմից։ Թեև փոփոխություններում հիջաբը բացահայտ չէր հիշատակվում, նոր կանոններն անդրադարձել էին նաև դրա կրմանը։
Ավելի ուշ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անցանկալի անձանց ցուցակում ընդգրկել էր Թուրքիայի 31 քաղաքացու՝ երկրում իշխանությունը բռնի փոխելու կոչերի համար։ Մինչ այդ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը յոթ թուրք քաղաքացու միջազգային հետախուզում էր հայտարարել՝ իշխանությունը բռնի զավթելու հրապարակային կոչերի գործով։
Հեյդար Ալիևը ղեկավարել է Ադրբեջանը 1993-2003 թվականներին։ Նրա որդին՝ Իլհամ Ալիևը, Ադրբեջանի նախագահն է 2003 թվականից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







