Ֆրանսիայի բանտերում պահվող անձանց թիվը հոկտեմբերի 1-ի դրությամբ հասել է ռեկորդային՝ 90,9 հազարի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ֆրանսիայի արդարադատության նախարարության զեկույցին։
Գերատեսչության տվյալներով՝ 2025 թվականի հոկտեմբերի 1-ի համեմատ բանտարկյալների թիվն աճել է 7,2%-ով, մինչդեռ քրեակատարողական հիմնարկներում տեղերի քանակն ավելացել է ընդամենը 1,5%-ով՝ հասնելով 63 452-ի։
Ֆրանսիայի բանտերի ընդհանուր ծանրաբեռնվածությունը հասել է 143,3%-ի։ Կարճաժամկետ ազատազրկման դատապարտվածների և դատավճռի սպասող անձանց համար նախատեսված հիմնարկներում այդ ցուցանիշը կազմում է 178%։
Արդարադատության նախարարությունը նախատեսում է մոդուլային բանտերում ստեղծել ևս 3000 տեղ։ Դրանց կեսի կառուցումն արդեն ընթացքի մեջ է, իսկ առաջին նման բանտը նախատեսվում է բացել Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Տրուա քաղաքում՝ մինչև աշնան ավարտը։
Միաժամանակ, 2018 թվականին ընդունված ծրագրով խոստացված 15 հազար նոր տեղերից մինչ այժմ կառուցվել է միայն 8 հազարը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բազմիցս քննադատել է Ֆրանսիայի բանտերում ստեղծված իրավիճակը։ Դատարանը 2023 թվականի հուլիսին արձանագրել էր բանտերի գերբեռնվածության, պահման վատ պայմանների և իրավիճակի բարելավմանն ուղղված նպատակային միջոցառումների բացակայության շարունակական խնդիրները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







