ՀՀ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) համակարգից 23 ծառայող է ազատվել աշխատանքից թմրամիջոցների օգտագործման ստուգումների դրական արդյունքների պատճառով, Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Ուղիղի հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում։
Նախարարի տվյալներով՝ թեստավորման արդյունքում դրական արդյունք է գրանցվել ոստիկանության 21 և Փրկարար ծառայության 2 աշխատակցի մոտ։
Սարգսյանը ներկայացրել է նաև ՆԳՆ համակարգում իրականացվող ատեստավորման արդյունքները։
Ոստիկանությունում ատեստավորմանը մասնակցելու համար դիմել է 9525 ծառայող, որոնցից 6459-ը հաջողությամբ անցել է գործընթացը՝ շուրջ 68%-ը։ Նրանցից 3241-ը ստացել է «գերազանց», 2140-ը՝ «լավ», 1078-ը՝ «բավարար» գնահատական։
Փրկարար ծառայությունում ատեստավորումը հաջողությամբ անցել է 1569 աշխատակից, որոնցից 275-ը ստացել է «գերազանց», 872-ը՝ «լավ», 422-ը՝ «բավարար» գնահատական։
Նախարարը հայտնել է, որ ատեստավորումը շարունակվում է, իսկ այն հաջողությամբ անցած ծառայողները համապատասխան հավելավճարներ են ստանում։
ՆԳՆ համակարգում ատեստավորման արդյունքներով հավելավճարների տրամադրման հարցը նախկինում ևս քննարկման առարկա էր դարձել։ Նախարարությունը 2025 թվականի օգոստոսին հերքել էր «Հրապարակ» օրաթերթի տեղեկությունները, թե ատեստավորում անցած աշխատակիցներին անհիմն պատճառաբանություններով հավելավճարներ չեն տրամադրվում։
Կառավարությունը հոկտեմբերի 29-ին հավանություն էր տվել օրենսդրական փոփոխությունների փաթեթին, որով առաջարկվում է ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած որոշ քաղաքացիների ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։ Նախագծով նախատեսվում է նաև, որ համապատասխան կրթական ծրագրերի շրջանավարտները ծառայության նշանակվելու պահից կհամարվեն ատեստավորված և հավելավճարի իրավունք կստանան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







