«Հայաքվե» շարժումը Հանրային հեռարձակողի խորհրդի շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հրաժարականները, ինչպես նաև հեռուստաընկերության եթերային քաղաքականության վերանայում։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-յան ալիքում։
Ակցիայի ժամանակ շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը ներկայացրել է բաց նամակ-պահանջ, որի տակ, նրա խոսքով, ստորագրել է շուրջ 300 հասարակական գործիչ։
Չալաբյանը քննադատել է սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցին, Հանրային հեռուստաընկերության եթերով Թաթա Սիմոնյանի «Ֆեստիվառ» համերգի հեռարձակումը՝ այն համարելով անհարգալից զոհվածների ընտանիքների նկատմամբ։
Նա հայտարարել է, որ համերգի հեռարձակումը դիտավորյալ է եղել։ Չալաբյանի խոսքով՝ Հանրայինն այդ օրը չի լուսաբանել Եռաբլուր այցելությունները, քանի որ այնտեղ իշխանության ներկայացուցիչներ չեն եղել։
Շարժման համակարգողը հեռուստաընկերությանը մեղադրել է իշխանամետ քարոզչություն իրականացնելու, ընդդիմության գործունեությունը կողմնակալ լուսաբանելու և Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված բովանդակություն հեռարձակելու մեջ։
Նա նաև քննադատել է Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանի վարած հարցազրույցները՝ պնդելով, որ հաղորդավարը փաստացի ստանձնում է իշխանության խոսնակի դերը։
Չալաբյանի կարծիքով՝ գործող իշխանությունները փորձում են հանրության հիշողությունից ջնջել 2020 թվականի պատերազմի պարտությունը և դրա համար իրենց քաղաքական պատասխանատվությունը։
«Հանրային հեռուստատեսությունը պետք է ծառայի մեզ, հանրությանը, մեզ հարկատուներին, ոչ թե ծառայի մեկ իշխանական խմբակի»,- հայտարարել է նա։
«Հայաքվե» շարժման ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանը Հանրային հեռուստաընկերությանը մեղադրել է Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված քաղաքականություն իրականացնելու մեջ։
Նրա խոսքով՝ վերջին երկու տարիներին Հանրայինը չի հեռարձակում Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձները, ինչպես նաև նրա հանդիսապետությամբ Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության պատարագները։
Սողոմոնյանը պնդել է, որ փոխարենը հեռուստաընկերությունն ուղիղ եթերով հեռարձակում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագները, այդ թվում՝ կարգալույծ հոգևորականների մատուցած արարողությունները, որոնց ընթացքում չի հիշատակվում կաթողիկոսի անունը։
Նա նաև հայտարարել է, որ Հանրայինի եթերում տարածվում է կաթողիկոսին վիրավորող և հավատացյալների կրոնական զգացմունքները ոտնահարող բովանդակություն։
Սողոմոնյանի գնահատմամբ՝ Հանրայինի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածին և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի՝ քաղաքական չեզոքության, խտրականության և կրոնական ատելության վերաբերյալ դրույթներին։
Նրա խոսքով՝ խնդիրը ոչ թե իրավական կարգավորումների բացակայությունն է, այլ այն, որ գործող օրենքները չեն պահպանվում, իսկ Հանրային հեռարձակողի խորհուրդը չի իրականացնում իր վերահսկողական գործառույթները։
Շարժման մեկ այլ ներկայացուցիչ՝ Դավիթ Սարգսյանը, Հանրային հեռուստաընկերությանը մեղադրել է Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրություններն առանց խմբագրական միջամտության վերարտադրելու մեջ։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և արտգործնախարարության հաղորդագրությունները Հանրայինի լրատվական հարթակներում հրապարակվում են առանց վերաշարադրման։
Սարգսյանը պնդել է, որ այդ կերպ հեռուստաընկերությունը նպաստում է ադրբեջանական քարոզչության տարածմանը։
«Իմ ամենավատ երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը կարող է վերածվել ադրբեջանական լրահոսի վերարտադրման բութ գործիքի»,- հայտարարել է Սարգսյանը։
Նա նաև քննադատել է Հանրայինին՝ Արցախյան պատերազմների, դրանց մասնակիցների և ազգային թեմաներով ֆիլմեր չհեռարձակելու համար։
Սարգսյանի խոսքով՝ նախորդ տասնամյակներին Արցախյան պատերազմների մասին նկարահանված ֆիլմերը չեն ցուցադրվում Հանրային հեռուստաընկերության եթերում։
Նա քննադատել է նաև Հանրայինի լրատվական ծառայության ղեկավար Լուսինե Բարսեղյանի նշանակումը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ վերջինս նախկինում խմբագրել է Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթը։
Ակցիայի ավարտին Չալաբյանը հայտարարել է, որ շարժումը հետևելու է ներկայացված պահանջագրի քննարկմանը և Հանրային հեռարձակողի խորհրդի արձագանքին։
Նա նաև նշել է, որ շարժումը պահանջում է ղեկավարների հրաժարականները, սակայն դրանց չկատարման դեպքում հնարավոր է բարձրացնել իրավական պատասխանատվության հարցը։
«Կա նաև իրավական ճանապարհներ, որովհետև ի վերջո սա օրենքի խախտում է, սահմանադրության և տեսալսողական մեդիայի մասին օրենքի խախտում է և այդ օրենքի խախտումները նաև հնարավորություն են տալիս օրենքը խախտողներին իրավական պատասխանատվության կանչել»,- ասել է Չալաբյանը։
Նրա խոսքով՝ շարժման նպատակն է հասնել նրան, որ Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնի Հայաստանի բոլոր քաղաքացիների տեսակետները՝ անկախ նրանց քաղաքական դիրքորոշումներից։
Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցին, Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակել էր Թաթա Սիմոնյանի «Ֆեստիվառ» համերգը, ինչը քննադատության ալիք էր առաջացրել։
Հեռուստաընկերությունը հետագայում ներողություն էր խնդրել հեռարձակման համար, իսկ հոկտեմբերի 6-ին Հանրային հեռարձակողի խորհուրդը նկատողություն էր հայտարարել գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին և նրա տեղակալ Լևոն Մարգարյանին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







