«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում, հայտնել է կուսակցության մամուլի խոսնակ Աղավնի Սուքիասյանը։
Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարանների խուզարկությունները՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Նրա խոսքով՝ Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում նաև Կարապետյանների ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել է, որ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում 65 հասցեում։
Ազգային ժողովի փոխնախագահ Արամ Վարդևանյանը լրագրողներին հայտնել է, որ Նարեկ Կարապետյանի բնակարանում խուզարկություն իրականացնող ՔԿ քննիչների հետ գտնվում են նաև Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցներ։ Նա նաև մատնանշել է ԱԱԾ հատուկ ստորաբաժանման ներկայացուցիչների ավտոմեքենաների ներկայությունը։
Armenia Today-ի հարցին ի պատասխան Վարդևանյանը խուզարկությունները քաղաքական պատվեր է որակել՝ դրանք կապելով սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումների հետ։
«Այստեղ իրավաբանություն մի փնտրեք։ Սա բացառապես գտնվում է քաղաքական պատվերի, քաղաքական հանձնարարականի, քաղաքական հրամանի շրջանակում»,- հայտարարել է Վարդևանյանը։
Նա հիշեցրել է, որ Սամվել Կարապետյանը շարունակում է գտնվել տնային կալանքի տակ, իսկ մինչ այդ յոթ ամիս անցկացրել է ԱԱԾ մեկուսարանում։ Վարդևանյանի գնահատմամբ՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը և ընթացիկ խուզարկությունները նույն քաղաքական գործընթացի մաս են։
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումներին՝ Վարդևանյանը պնդել է, որ դրանք պայմանավորված են արտաքին ուժերի ազդեցությամբ։
«Երբ իրականում սահմանադրական փոփոխության ընդհանրապես օրակարգ չկա, այլ կա պարզապես արտաքին ուժի միջամտություն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, դրա համար էլ ասում ենք՝ Ալիևի օրակարգ է, սա Ալիևի սահմանադրություն է»,- հայտարարել է նա։
Վարդևանյանը նաև հայտնել է, որ Նարեկ Կարապետյանի բնակարանում փաստաբաններ կան։ Նրա խոսքով՝ ինքը չի կարող ներկա գտնվել խուզարկությանը, քանի որ փաստաբանի արտոնագիրն այս պահին ակտիվ չէ։
Նարեկ Կարապետյանի բնակարանում խուզարկությունն ավարտվել է, լրագրողներին հայտնել է Կարեն Կարապետյանը։ Նրա խոսքով՝ քննիչներն առգրավել են նաև երեխաների խաղային համակարգիչները։
Նարեկ Կարապետյանը բնակարանում խուզարկության ավարտից հետո լրագրողներին հայտնել է, որ սա իր տանը իրականացված չորրորդ խուզարկությունն է։
«Այսօր թվով չորրորդ հոբելյանական խուզարկությունն էր մեր տանը։ Էլի ինչ-որ բաներ էին փնտրում, ոնց որ նախորդ երեք անգամները»,- ասել է նա։
Կարապետյանի խոսքով՝ քննիչներն առգրավել են երեխաների խաղային համակարգիչն ու խաղային պարագաներ։ Նա խուզարկությունները գնահատել է որպես քաղաքական ճնշման փորձ՝ դրանք կապելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանադրական հանրաքվեի հարցում ընդդիմությանը համոզելու մասին հայտարարության հետ։
«Սա Փաշինյանի համոզելու պրոցեսն է, Ալիևի սահմանադրությունը, որ մենք թողենք, որ ինքը հանրաքվե անցկացնի»,- հայտարարել է Կարապետյանը։
Նա նաև հեգնել է կրկնվող խուզարկությունները՝ ասելով, որ առաջինն իր համար նորություն էր, երկրորդը՝ սովորական, իսկ չորրորդն այլևս չի զարմացնում։ Կարապետյանը վարչապետին առաջարկել է նոր բան մտածել՝ քանի որ «սա չի անցնում»։
Անդրադառնալով սահմանադրական հանրաքվեին՝ Կարապետյանը պնդել է, որ Փաշինյանը փորձում է Հայաստանում անցկացնել այնպիսի սահմանադրություն, որը, իր գնահատմամբ, բխում է Ադրբեջանի շահերից։
«Այսքան ժամանակ չէին գտել քաղաքական գործիչ, ով հայի թշնամու սահմանադրությունը կբերի Հայաստան, կփորձի անցկացնել։ Իրենք գտել են, ոնց որ ուրախացել են, որ իր նման մարդ են գտել»,- ասել է նա։
Կարապետյանը նաև հայտարարել է, որ իշխանությունները փորձելու են օգտագործել պետական ամբողջ ապարատը՝ իրենց քաղաքական դիրքորոշումը փոխելու համար։
«Թող փորձեն»,- ասել է Կարապետյանը։
Անդրադառնալով Քննչական կոմիտեի՝ 65 հասցեում միաժամանակյա խուզարկությունների մասին տեղեկությանը՝ նա հայտնել է, որ դեռ չի կարող ասել՝ արդյոք բոլոր հասցեները կապված են «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ, քանի որ ինքը խուզարկության ընթացքում է գտնվել։
14։19
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մեքենան հեռացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի բնակարանի տարածքից, հայտնում է Armenia Today-ի թղթակիցը։
14։51
ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանին տարան տանից, այս պահին դեռ հայտնի չէ, թե ուր են նրան տարել։
15։15
Կարապետյանին ու ևս 35 անձի ձերբակալել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանն առնչվող գործով, հետևում է ՔԿ հաղորդագրությունից։
Քննչական կոմիտեի վարկածով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը պատճառվել է ավելի քան 64,5 մլրդ դրամի վնաս։ Գործով 36 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրանք ձերբակալվել են։ ՔԿ-ի հայտարարությունից հետևում է, որ նրանց թվում է նաև տնային կալանքի տակ գտնվող Կարապետյանը։
16։20
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Սամվել Կարապետյանի ձերբակալությունը կապել է նրա՝ Հայաստանի անկախության պահպանման և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը կանխելու համար մղվող պայքարի հետ։
«Փաշինյա՛ն, քեզ չի՛ հաջողվի լռեցնել Կարապետյանին և հայ ժողովրդին պարտադրել քվեարկել Ալիևի պարտադրած Սահմանադրության օգտին»,- ասվում է կուսակցության հայտարարությունում։ Կուսակցությունը նաև հաստատել է Կարապետյանի ձերբակալությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







