«88» սուպերմարկետների ցանցի հիմնադիր Նարեկ Նալբանդյանին առնչվող մեկից ավելի քրեական վարույթ է քննվում Քննչական կոմիտեում (ՔԿ), հայտնել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը։
Նա հիշեցրել է, որ վարույթներից մեկով Նալբանդյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել։
Գլխավոր դատախազությունից հոկտեմբերի 27-ին Armenia Today-ին հայտնել էին, որ Նալբանդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով հակամրցակցային ենթադրյալ գործունեության հոդվածով՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ Հոդվածով նախատեսված է մինչև 6 տարվա ազատազրկում։
Նույն վարույթով «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել նաև առանձնապես խոշոր չափերով շորթման կասկածով։
Սեպտեմբերի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրավապահներին հանձնարարել է ստուգել իր ընտանիքի հետ Նալբանդյանի հնարավոր կապերի մասին հրապարակումները և անհրաժեշտության դեպքում քրեական վարույթներ նախաձեռնել։
Վարչապետը նաև հայտարարել էր, որ Նալբանդյանն այն գործարարն է, որն իրեն և իր ընտանիքին «նյարդայնացնում է արդեն տանելիության բոլոր սահմաններից դուրս»։
Նույն օրը Նալբանդյանը հերքել էր Փաշինյանի ընտանիքի հետ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր ունենալու մասին տեղեկությունները։ Ավելի վաղ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, նույնպես հերքել էր «88» սուպերմարկետների ցանցի հետ իր առնչության մասին հրապարակումները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







