ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պլանավորում է բաց թողնել ՆԱՏՕ-ի՝ Արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը կկայանա Բրյուսելում հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին:
Ըստ կայքի՝ Վաշինգտոնը կներկայացնի Պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն, որը երկրորդ ամենաբարձրաստիճան ամերիկացի դիվանագետն է։
Ռուբիոն այս որոշումը կայացրել է «Ուկրաինայի համար հատկապես լարված պահին»՝ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հրաժարականի և ԱՄՆ-ի ու Ուկրաինայի կողմից ԱՄՆ խաղաղության ծրագրի վրա աշխատանքի ֆոնին, նշվում է հաղորդագրության մեջ։
Reuters-ը նշում է, որ ԱՄՆ պետքարտուղարի բացակայությունը կարող է սրել Վաշինգտոնի եվրոպական անվտանգության նկատմամբ հանձնառության վերաբերյալ հարցերը։
Սովորաբար, ամեն տարի անցկացվում է ՆԱՏՕ-ի՝ Արտաքին գործերի նախարարների միայն երկու պաշտոնական հանդիպում, և ԱՄՆ պետքարտուղարը հազվադեպ է բացակայում դրանցից, նշվում է հոդվածում: Պետդեպարտամենտը նշել է, որ Ռուբիոն պարբերաբար բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, սակայն հրաժարվել է մեկնաբանել Ռուբիոյի հնարավոր բացակայությունն առաջիկա հանդիպումից:
Նոյեմբերի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը բանակցությունների նպատակով կգործուղվի Մոսկվա։ Նա նշել էր, որ սկզբնական 28 կետանոց ծրագիրը լրամշակվել է, և մնացել է միայն մի քանի կետ, որոնց վերաբերյալ կան անհամաձայնություններ։
Վաշինգտոնն առաջարկել էր ուկրաինական կարգավորման 28 կետից բաղկացած ծրագիր, որը նախատեսում է Ռուսաստանի կողմից ուկրաինական որոշակի տարածքների ճանաչում, ուկրաինական բանակի նկատմամբ սահմանափակումներ, մի քանի գոտու ապառազմականացում և Կիևի կողմից օտարերկրյա զորքերի տեղակայումից հրաժարում: Որոշ կետեր վերաբերում են ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակին և ուկրաինական ուղղափառ եկեղեցուն: Փաստաթուղթը նաև անվտանգության երաշխիքներ է տրամադրում Ուկրաինային:






































