Ուկրաինան հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ «ընդհանուր հասկացողության» են եկել խաղաղության առաջարկի վերաբերյալ, որը նպատակ ունի ավարտել պատերազմը, փոխանցում է BBC-ն:
Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պատրաստ է հանդիպել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու «զգայուն հարցերը» և հավելել, որ իր վարչակազմը նպատակ ունի այդ հանդիպումը կազմակերպել ամսվա ավարտից առաջ։
«Ամերիկյան կողմի և նախագահ Թրամփի հետ հետագա ակտիվ համագործակցության հույս ունեմ։ Շատ բան կախված է Ամերիկայից, քանի որ Ռուսաստանը մեծագույն ուշադրություն է դարձնում ամերիկյան ուժին»,- ասել է նա։
Զելենսկին հայտնել էր, որ 28 կետանոց ծրագիրը կրճատվել է, և որոշ դրույթներ հանվել են։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ ասել է, որ թեև Մոսկվան սկզբնական ամերիկյան շրջանակային տարբերակի կողմնակից է, իրավիճակն «արմատապես կտարբերվի», եթե ծրագիրը ենթարկվի էական վերանայումների։
Վաշինգտոնն առաջարկել էր ուկրաինական կարգավորման 28 կետից բաղկացած ծրագիր, որը նախատեսում է Ռուսաստանի կողմից ուկրաինական որոշակի տարածքների ճանաչում, ուկրաինական բանակի նկատմամբ սահմանափակումներ, մի քանի գոտու ապառազմականացում և Կիևի կողմից օտարերկրյա զորքերի տեղակայումից հրաժարում: Որոշ կետեր վերաբերում են ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակին և ուկրաինական ուղղափառ եկեղեցուն: Փաստաթուղթը նաև անվտանգության երաշխիքներ է տրամադրում Ուկրաինային:
Թրամփը նոյեմբերի 25-ին տեղեկացրել էր, որ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին բանակցությունների նպատակով կգործուղի Մոսկվա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







