Շվեյցարիան հասել է ԱՄՆ մաքսատուրքերի նվազեցմանը՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին առատաձեռն նվերներ շնորհելուց և երկրում ներդրումներ կատարելու պարտավորվածությունից հետո, հայտնել է Axios-ը։
Իր գրադարանի անունից Թրամփը Շվեյցարիայի պատվիրակությունից ընդունել է սեղանի Rolex ժամացույց և մեկ կիլոգրամանոց ոսկե ձուլակտոր՝ որպես նվիրատվություն։ Դրանց ընդհանուր արժեքը մոտավորապես 130 000 դոլար է։ Ձուլակտորի վրա նշված են 45 և 47 թվերը՝ ի պատիվ Թրամփի նախագահության ժամկետների։
Բացի այդ, արտահանման մաքսատուրքերը նվազեցնելու ԱՄՆ-ի հետ համաձայնագրի շրջանակներում Շվեյցարիան պարտավորվել է առաջիկա տարիներին մասնավոր ընկերությունների միջոցով տնտեսությունում ներդնել 200 միլիարդ դոլար։
Օգոստոսին Շվեյցարիայի նախագահի հետ զրույցը չէր համոզել Թրամփին վերացնել բարձր մաքսատուրքերը, սակայն երբ երկիրը գործարարներ էր ուղարկել Սպիտակ տուն, նախագահը մաքսատուրքերը 39 տոկոսից նվազեցրել էր մինչև 15%։
Նոյեմբերի 4-ին Վաշինգտոն այցելած պատվիրակության կազմում էին այնպիսի ընկերությունների ղեկավարներ, ինչպիսիք են Mediterranean Shipping Company (MSC), Partners Group ներդրումային ընկերությունը, Mercuria նավթի և գազի առևտրով զբաղվող ընկերությունը, Rolex շքեղ ժամացույցների արտադրող ընկերությունը, MKS Pamp թանկարժեք մետաղների ընկերությունը և Richemont շքեղ ապրանքանիշերի տունը (Cartier, Montblanc, Piaget և այլն):






































