Էնդրյու Մաունթբեթեն-Ուինձորը (նախկինում Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուն-խմբ.) սեռական հանցագործության համար դատապարտված Ջեֆրի Էփշտեյնին տարիներ առաջ գրել է, որ «այլևս չի կարող դիմանալ», գրում է BBC-ն՝ ներկայացնելով Էփշտեյնի գործով հրապարակված նամակները:
Էնդրյուն այդ նամակը գրել էր 14 տարի առաջ, երբ տեղեկացել էր, որ բրիտանական թերթը պատրաստվում է հրապարակել նյութ իրենց մասին։ Նրա և ԱՄՆ-ում բնակվող Էփշտեյնի ու Գիսլեյն Մաքսվելի էլեկտրոնային նամակագրությունը ներառված է Էփշտեյնի ունեցվածքի փաստաթղթերում, որոնք հրապարակվել էին չորեքշաբթի օրը։ Այդ փաստաթղթերի մեջ հիշատակվում է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը։
Նախկին արքայազնի արձագանքը հնչել է, երբ 2011թ. նրան փոխանցվել էր Mail on Sunday-ի՝ Մաքսվելի հասցեին ուղարկված նամակը՝ «պատասխանի իրավունքի» կարգով։ Այդ նամակում մի շարք պնդումներ էին արվել Էնդրյուի վերաբերյալ։
Հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ Էնդրյուի պատասխանն էր. «Ի՞նչ է այս ամենը։ Ես ոչինչ չգիտեմ այս մասին։ Պետք է ասեք, որ սա ինձ հետ որևէ կապ չունի։ Այլևս չեմ կարող դիմանալ»։
Այս նոր բացահայտումները հաջորդում են ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատների կոչին, որ Էնդրյուն պատասխան տա հարցերին՝ կապված Էփշտեյնի գործի հետ։ Էփշտեյնը մահացել էր բանտում 2019 թվականին՝ մինչ իր դատավարությունը՝ մարդու առևտրի մեղադրանքով։
Կոնգրեսի վերահսկողության հանձնաժողովի դեմոկրատ անդամ, կոնգրեսական Սուհաս Սուբրամանյամը BBC Two-ի Newsnight-ին հայտնել է, որ Էնդրյուն դեռևս չի պատասխանել հանձնաժողովի հրավերին՝ ցուցմունք տալու համար։ Նրա խոսքով՝ «նախկին արքայազնը պարտավոր չէ ինքնաթիռ նստել ցուցմունք տալու համար․ նա կարող է դա անել հեռակա կարգով»։
Էփշտեյնի գործով հայտնի մեղադրող Վիրջինիա Ջուֆրեն պնդել է, որ դեռահաս տարիքում երեք անգամ սեռական հարաբերություն է ունեցել Էնդրյուի հետ։
Էնդրյուն, որը հերքել էր մեղադրանքները, 2022 թվականին Ջուֆրեի հետ դատարանից դուրս հաշտություն էր կնքել՝ առանց մեղավորությունը ճանաչելու կամ ներողություն խնդրելու։ Նա զրկվել էր բոլոր տիտղոսներից, երբ Ջուֆրեի՝ մահից հետո հրապարակված հուշերը նոր ուշադրության առիթ էին դարձել Էնդրյուի կապերին Էփշտեյնի և Մաքսվելի հետ։






































